«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միություն Հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ադրբեջանական իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանությանը, պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում, ինչպես նաև փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանմանը և հայ փախստականների խնդրի արդարացի և շուտափույթ կարգավորմանը նպաստելու նպատակով։
Հասարակական կազմակերպության անվան բաղադրիչներն են այն պատմական երկրամասերը, որտեղ հայությունը բնակվել, արարել և ուրույն մշակույթ է ստեղծել շատ ավելի վաղ դարերից, քան Ադրբեջան պետության և «Ադրբեջան» անվան կիրառումն է այդ տարածքի նկատմամբ։ Պատմական «Գարդման» կամ «Գարդմանք» համարվում է Ադրբեջանի կազմում մնացած հայկական էթնոսի պատմական այն տարածքները, որոնք տարածվում են Լեռնային Ղարաբաղից դեպի հյուսիս և արևելք։ Այս տարածքը բռնի հայաթափվել է 1989-1990 թվականներին։ Պատմական Շիրվանում՝ ներկայիս Ադրբեջանի մնացյալ տարածքում ևս հայերը ունեցել են ներկայություն, որը հատկապես արտահայտվել է 19-20-րդ դարերում, սակայն այդ ներկայությունը ամբողջությամբ զրոյացել է 1988-1992 թթ․ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների կիրառման պատճառով։ Ինչ վերաբերվում է Նախիջևանին, ապա բուն հայկական պատմական երկրամաս է, որը մաս է կազմել Հայաստանի Առաջին Հանրապետության, սակայն վերածվել է խորհրդա-քեմալական առուծախի առարկայի՝ 1921թ․ Մոսկվայի և դրանից բխող Կարսի պայմանագրերով տրվելով Ադրբեջանին՝ ամբողջական հայաթափման և մշակութային ցեղասպանության անդառնալի հետևանքներով։
Ադրբեջանի տարածքից ողջ հայության փաստացի արտաքսումից հետո անցած 30-35 տարիների ընթացքում գործել են բազմաթիվ փախստականական կազմակերպություններ, որոնք տարբեր փուլերում կարևոր դեր են տարել ադրբեջանահայության կորսված իրավունքների պահպանման հարցում:
2023թ․ ապրիլի 29-ին Երևանում տեղի է ունեցել Ադրբեջանական ԽՍՀ-ից, Լեռնային Ղարաբաղից և Նախիջևանից փախստականների «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը, ներկան, ապագան» խորագրով համաժողով, որին քննարկվել է ինչպես 1988-1992թթ․ ռասայական խտրականության շրջանակներում Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ ցուցաբերված ցեղասպան վարքը, այնպես էլ Ադրբեջանում օրըստօրե խորացող պետականահեն հայատյացությունը, որի առկայության պայմաններում առնվազն անհնար է ապահովել մի շարք միջազգային պայմանագրերի համաձայն փախստականների կամավոր և անվտանգ վերադարձի իրավունքի իրացումը:
Համաժողովի արդյունքներով ընդունվել է հռչակագիր, որով ազդարարվել է հնչած բոլոր գաղափարների իրագործման համար ընդհանուր հարթակ, միասնական ճակատ ձևավորելու նպատակի մասին, որը հետագայում իր տրամաբանական դրսևորումն է ստացել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության տեղծմամբ:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը բաց է Հայաստանում և Հայաստանից դուրս բոլոր հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ անհատների անդամակցության համար, և նպատակ ունի իր առաջադրած խնդիրներով և ստեղծված ճանապարհային քարտեզով առավել արդյունավետ կերպով թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, թե՛ իրավասու միջազգային կազմակերպություններում ներկայացնելու ինչպես փախստականության, այնպես էլ Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգության ճակատագրի խնդիրները։
Համահայկական միությունն իր առջև դրած նպատակների շրջանակներում ակտիվորեն լծված է հանրային դաշտում և միջազգային լսարանի առջև ԱԽՍՀ փախստականության իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործին՝ հայտարաությւոնների, նամակների, հասցեական կոչերի, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններում հանդիպումների միջոցով ներկայացնելով մեր դիրքորոշումները մեր պետության, փախստական քաղաքացիների կենսագործունեության վրա անդրադարձող երևույթների և պատմական իրողությունների, փախստականածին հանգամանքների մասին: Մեր գործունեությամբ նպատակ ունենք միջազգային աջակցություն ներգրավելու մեր իրավունքների վերականգնման շուրջ: Հատկապես կարևորում ենք միջազգային ասպարեզում մեր մասին տեսանելիության բարձրացումը և առաջիկայում պլանավորում ենք ակտիվ գործունեություն ծավալել հենց միջազգային ասպարեզում՝ այդ թվում նաև մեր սփյուռքյան կառույցների աջակցությամբ:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր ստեղծմամբ նպատակ ունի
աջակցել Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի բոլոր հայերի անունից և հանուն նրանց շահերի ներկայացրած դիմումների, բողոքների և դատական հայցերի փոխանցմանը ցանկացած պետական և միջազգային ատյան, ինչպես նաև ՄԱԿ, ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ և համապատասխան այլ հարթակներում վերջիններիս նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու նպատակով։