Գլխավոր
Ադրբեջանական ոճրագործություններ
1905-1906 թթ․ հայերի նկատմամբ առաջին էթնիկ զտումները

1905 թփետրվարի 6-ին Բաքվում մի միջադեպով սկսվեցին հայերի և կովկասյան թաթարների միջև ազգամիջյան ընդհարումները, որոնք տարածվեցին ամբողջ Անդրկովկասով մեկ և շարունակվեցին շուրջ երկու տարի։ Բախումներ եղան 1905 թ․ մայիսին՝ Նախիջևանում, օգոստոսին՝ Շուշիում, նոյեմբերին՝ Ելիզավետպոլում, ինչպես նաև՝ Երևանում, Թիֆլիսում և այլուր: Այս բախումները, որոնք ավանդական պատմագրությունը համարում է ռուսական հեղափոխության արձագանքը ազգային ծայրամասերում՝ հրահրված հենց ցարական տեղական վարչակարգի կողմից, իրականում ունեին բազմաշերտ պատճառներ՝ տնտեսական մրցակցություն, քաղաքական հակամարտություն, կրոնական անհանդուրժողականություն, մշակութային անհամաչափ զարգացում, որոնք բարենպաստ պայմաններում արտահայտվեցին ամենայն սրությամբ։

Որպես հայ-թաթարական բախումների պատճառ կարելի է իրավացիորեն համարել հայերի և կովկասյան թաթարների սոցիալական անհամաչափ զարգացումը։ Թաթարները, որոնց հավաքականորեն կարելի է բնորոշել՝ որպես անկիրթ և թերզարգացած մի զանգված, անկեղծ նախանձախնդրությամբ էին լցվում այն հայերի նկատմամբ, որոնք և՛ զբաղվում էին հաջողակ նավթարդյունաբերությամբ ու առևտրով, և՛ պատասխանատու պաշտոններ էին զբաղեցնում, մինչդեռ թաթարները առավելապես զբաղված էին քոչվոր անասնապահությամբ, իսկ Բաքվի նավթարդյունաբերության մեջ ընդգրկված փոքր զանգվածը հիմնականում զբաղվում էր սևագործ բանվորությամբ։ Հայերի՝ որպես քրիստոնյաների նկատմամբ հասունացող ատելությունը պարարտ հող էր նախապատրաստում այնպիսի ծայրահեղական գաղափարների տարածման համար, ինչպիսիք են պանթյուրքիզմը և պանիսլամիզմը։ Ուստի առանց բացառության անդրկովկասյան թաթարական մտավորականության մեծամասնությունը XX դարասկզբին համակվել էր պանթյուրքիստական և պանիսլամիստական գաղափարներով, իսկ կայսրության համար անհանգիստ նման պայմանները հնարավորություն տվեցին այդ գաղափարները դնել գործնական կիրառության մեջ, որի հետևանքն էր Բաքվում, Ելիզավետպոլում, Նախիջևանում և այլ հայաշատ ու հայաբնակ վայերերում հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, որոնք արտահայտվել են երբեմն ամբողջական գյուղերի ավերումով, հրկիզումով, թալանով, բնակչության սպանդով։

Բաքվի բախումների ժամանակ սպանվեց ավելի քան 200 հայ։ Հարակից բնակավայրերից Բաքու եկած զինված խմբավորումները հարձակվում ու տակնուվրա էին անում հայերին պատկանող բոլոր կրպակները։ Պիտոևի ֆաբրիկայի տարածքում գտնվող բնակելի թաղամասում փետրվարի 8-ին գնդակահարվեց շուրջ 40 հայ։

Ելիզավետպոլում և Նախիջևանում տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել է ավելի քան 400 հայ։ Հայկական գյուղերի հայաթափման կատարյալ սցենար է Գետաբեկի հայաթափումը։  Գետաբեկը Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ այն գյուղերից մեկն էր, որն ամբողջությամբ թալանվել, ավերվել ու հրկիզվել էր մերձակա գյուղերի թուրք բնակչության կողմից։ Ընդհարումները սկսվել են 1905 թվականի նոյեմբերի 17-ին։ Նոյեմբերի 22-ին թաթարները շրջապատել են Գետաբեկը։ Գյուղի հայությունը հավաքվել է եկեղեցու մոտ։ Փոքրաթիվ հայ երիտասարդությունը ինքնակազմակերպվեց՝ դիմելու ինքնապաշտպանության, սակայն թաթարների թվաքանակը անընդհատ ավելանում էր՝ դժվարացնելով հայերի ինքնապաշտպանությունը։ Թաթարներին շուտով հաջողվում է կոտրել շրջապատման մեջ հայտնված և որևէ տեղից օգնություն չստացող հայերի պաշտպանությունն ու մտնել գյուղ։ Բնակչության մի մասին հաջողվում է փախչել գյուղից ու ոտքով հասնել Խաչինսար (Չարդախլու)։ Գյուղում մնացած բոլոր հայերը սպանվում են։ Տներում ողջակիզվում են շուրջ 50 հայեր՝ կանայք, տղամարդիկ և երեխաներ։ Թաթարներն ավերում ու կողոպտում են նաև հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին։ Ջարդից փրկված հայերը ճանապարհին էլ ենթարկվում են Թաթարների հարձակումներին։

Երևանի նահանգում բախումների արդյունքում սպանվել է ավելի քան 300 հայ։ Հունիսի սկզբներին խաշնարած կիսաքոչվոր ցեղերը սկսեցին հարձակվել Սիսիանի հայկական գյուղերի վրա։ 1905 թ․ ամռանը դաժան բախումներ եղան Շուշիում։ Թաթարներն այրեցին 400-ից ավելի հայկական տներ։ Շուշիի դեպքերը սկիզբ հանդիսացան Բաքվի ընդհարումների երկրորդ ալիքի համար, որի ժամանակ սպանվեցին 205 հայ, այդ թվում՝ 7 կին, 20 երեխա, 13 ծեր, ինչպես նաև 121 վիրավոր։ իսկ թաթարներից զոհվել էր 111 հոգի, այդ թվում՝ ընդամենը 2 կին, ոչ մի մանուկ և ծեր, ինչպես նաև 128 վիրավոր։ Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ թաթարները հարձակվել են հայկական ընտանիքների վրա, իսկ հայերն ինքնապաշտպանական միջոցների դիմել են հարկադրաբար։

Ընդհանուր առմամբ հայ-թաթարական բախումները, որոնք կարելի է համարել համակարգային հայատյացության առաջին բացահայտ դրսևորումը, դարձան առաջին էթնիկ զտումը, որի հետևանքով մի քանի հազար հայեր սպանվեցին, տեղահանվեցին, բազմաթիվ հայկական գյուղեր, թաղամասեր ավերվեցին, թալանվեցին։