Գլխավոր
Ադրբեջանական ոճրագործություններ
Հայկական կոտորածները 1918-1920․ հետևանքներ, մեղավորներ

1918թ․ գարնանը Առաջին աշխարհամարտի կովկասյան ճակատում ռազմաքաղաքական զարգացումները Բաքուն վերածեցին մի շարք հակամարտող կողմերի միջև պայքարի կենտրոնի։ Բաքվի նավթի շուրջ բախվում էին օսմանյան, բոլշևիկյան, անգլիական, գերմանական շահերը, որոնց հարակցված էին տեղական կառավարությունների, մասնավորապես՝ մուսավաթական նորահռչակ խամաճիկային կառավարության առաջնահերությունները։

1918 թ․ գարնանից Օսմանյան ռազմական նախարար Էնվեր  փաշան սկսեց մշակել Բաքվի գրավման ծրագիրը, որի իրականացումը վերապահվեց Էնվերի եղբորը՝ Նուրի փաշային։ Ըստ ծրագրի՝ Նուրի փաշայի բանակը պետք է Իրանական Ատրպատականից մուտք գործեր Արևելյան Այսրկովկաս, այնտեղի մուսավաթական ջոկատներից և թուրքական բանակի նախկին գերիներից կազմավորեր ռազմական գնդեր, որոնք պետք է կոչվեին «Իսլամի կովկասյան բանակ»։ Մյուս կողմից՝ կանոնավոր թուրքական բանակը պիտի Վրաստանից մտներ ապագա Ադրբեջանի տարածք և կապ հաստատեր Հյուսիսային Կովկասի ուժերի հետ. դրանով կիրականանար նաև Հյուսիսային Կովկասի գրավումը, որից հետո թուրքերը կշարժվեին Մերձկասպյան շրջաններ, Պովոլժիե և Միջին Ասիա՝ կյանքի կոչելով Մեծ Թուրանի ստեղծման ծրագիրը։  Թուրքական արշավանքի մասին գեներալ Է. Լյուդենդորֆը գրում է, որ Էնվերը և թուրքական կառավարությունը ավելի շատ մտածում էին Կովկասում իրենց պանիսլամական նպատակների մասին։ Մայիսի վերջին երեք Անդրկովկասյան հանրապետությունների հռչակում է՛լ ավելի ոգևորեց Օսմանյան կայսրությանը՝ արագացնելու Բաքվի գրավման գործողությունները։ Մուսավաթական կառավարությունը ևս անթաքույց ձգտում էր թուրքերի կողմից Բաքվի գրավմանը, քանի որ հակառակ դեպքում ինքը կարող էր կուլ գնալ Բաքվի խորհրդին, որը պատրաստվում էր Ելիզավետպոլի վրա հարձակման։ Առանց թուրքական ռազմական ներկայության և աջակցության, այսպես կոչված «ադրբեջանական» խմբավորումները, որոնք զինված էին ռազմաճակատից վերադարձող ռուս զինվորինց թալանված զենքով, անզոր էին դիմակայել Բաքվի խորհրդին, և այդ կառավարությունը, որը չուներ իրական իշխանություն, կարող էր վերանալ ճիշտ այնպես, ինչպես ստեղծվել էր։ Օսմանյան բանակը անընդհատ համալրման շնորհիվ կարողացավ թվական և սպառազինության գերակայություն ապահովել Բաքվի խորհրդի զինված ուժերի նկատմամբ և շուտով հասավ քաղաքի մատույցներին։

Սեպտեմբերի 15-ին քաղաք մտավ թուրք-ադրբեջանական զորքը, որը երեք օր զբաղվեց անզուսպ թալանով և խաղաղ հայ բնակչության կոտորածով։ Բաքվում հայկական կոտորածների կազմակերպիչներն ու ոգեշնչողներն էին Ֆ. Խան-Խոյսկին և Ջևանշիր խանը: Նրանք գործում էին «նախօրոք նախատեսված պլանի համաձայն, բանդաների և ջարդարարների ողորմածությանը թողնելով քաղաքի ու նրա շրջակայքի ամբողջ հայության կյանքն ու ինչքը: Թո՛ղ մորթեն և ջարդեն որքան կարող են, թո՛ղ առևանգեն և բռնանան, թալանեն ու կողոպտեն: Դա նրանց թույլ է տրվում և նրանց է թողնված` իրենց էներգիային ու հնարավորությանը համապատասխան», որի հետևանքով «մինչև վերջին թելը կողոպտվեց ու քայքայվեց, ենթարկվեց բռնության և ոտքի տակ տրվեց, անարգվեցին մարդկային ամենատարրական իրավունքներն ու ընտանեկան սրբությունները, գերեվարվեցին և անհայտ կորան հազարավոր մարդիկ…»: Տարբեր աղբյուրների տվյալներով՝ 30 հազար մարդ ենթարկվեց կոտորածի, որի պատասխանատվությունն անմիջականորեն կրում է թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Բաքու քաղաքի հայ բնակչության թվաքանակը կոտորածի նախօրեին կազմում էր շուրջ 90 հազար, որոնցից ավելի քան 30 հազարը հարկադրված հեռացել է քաղաքից, ևս 30 հազարը ենթարկվել դաժան կոտորածի և թալանի, 4 հազարից ավելի հայեր գերվել են, որոնցից 445՝ մահացել ծեծի և տաժանակիր աշխատանքի հետևանքով, անհետ կորածների թիվը 3572 է, բանտարկվել են 553 հայեր։ Հայ բնակչության կրած միայն նյութական վնասների գումարը անցնում էր 1 միլիարդ ռուբլուց (1919թ.-ի դրությամբ)։ Նման դաժանությունները վկայված են բազմաթիվ ականատեսների, այդ թվում՝ օտարազգի՝ ռուս, գերմանացի, ավստրիացի սպաների, պաշտոնյաների, լրագրողների նամակներում և հոդվածներում։ Ռուս գրող Սերգեյ Ռաֆալովիչը նկարագրում է, որ ջարդերից դեռ օրեր անց մեծ սայլերով ու բեռնատարներով դիակներ էին դուրս բերում քաղաքից։

Սեպտեմբերի 17-ին Բաքու ժամանեց Ադրբեջանի կառավարությունը՝ Ֆ․ Խան Խոյսկու գլխավորությամբ՝ իր դաշնակցից որպես նվեր ստանալով կիսաայրված քաղաքը։ Կոտորածներից երկու օր անց՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի մինիստր-նախագահը հրապարակավ հայտարարեց, որ «Ազէրպեյջանում ապրող բոլոր քաղաքացիները, առանց ազգութիւնների և դաւանանքների խտրութեան, պիտի օգտուեն կառավարութեան միօրինակ վերաբերմունքով, որը պիտի ապահովէ և պաշտպանէ բոլոր քաղաքացիների կեանքը, գոյքը և իրաւունքները»։ Մինչդեռ ադրբեջանական կառավարությունը անթաքույց ատելություն էր տածում հայ տարրի նկատմամբ և չէր խորշում արտահայտել այն։ Օրինակ ներքին գործերի նախարարը մի առիթով խոստովանել է, որ «երբ ես խոսում եմ հայերի հետ, իմ մեջ այնպիսի զայրույթ է բարձրանում, որ ես ինձ չեմ տիրապետում»,- ապա շարունակում է, թե «ես չէ՞ որ նա նախարար եմ դարձել միայն հայերի հետ գործ ունենալու [իմա՛ հաշվհարդար տեսնելու] համար»։

Սակայն պարզ է, որ այս առերես ժողովրդավարական հայտարարությունը չէր համապատասխանում այն քաղաքականությանը, որ իրականում տարվում էր այլ ժողովուրդների, մանավանդ հայերի նկատմամբ։ Ասվածի վառ վկայությունն են ինչպե՛ս քաղաքում եռօրյա բռնությունները հայերի նկատմամբ, այնպե՛ս էլ դրան հաջորդած իրադարձությունները։

Հայերի նկատմամբ ռազմական բռնարարքները Բաքվի եռօրյա կոտորածով չսահմանափակվեցին։ Բաքվի արյունալի դեպքերից հետո նախապատրաստվեցին Գանձակ, Շամախի, Նուխի քաղաքների և Ադրբեջանի հայկական գյուղերի հայության կոտորածները: Ճանապարհները դարձել էին հայերի համար խիստ անապահով: Հայազգի ուղևորները իջեցվում էին գնացքներից և հոշոտվում:  Ելիզավետպոլի գավառի Խաչինսար (Չարդախլու) գյուղի բնակիչները ահազանգում էին Ադրբեջանում ընթացող մեծ զորակոչի նասին, որը նպատակ է հետապնդում Հայկական այդ հատվածի՝ Գարդմանի մաքրումը հայերից` Գետաշենից մինչև Բադաքենդ : Տվյալ ժամանակաշրջանում այս տարածքում կար 40-ից ավելի հայկական գյուղ: Ադրբեջանում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը 1919 թ. ամռանը հաղորդում է, որ գավառներում և Բաքվում կառավարության կողմից տարվում է հակահայկական պրոպագանդա, որը կարող է վերաճել տեղի հայերի կազմակերպված կոտորածների: Արդյունքում սկսվեցին բնակչության նոր կոտորածներն ու բռնագաղթը: Միայն Ելիզավետպոլի գավառում այրվեցին 13 հայկական գյուղեր, որոնց բնակչության մի մասն անողոք հոշոտվեց, իսկ կենդանի մնացածները տեղահան արվեցին:

Նման ծանր կացություն էր ստեղծվել նաև Նուխիի, Արեշի, Շամախու գավառներում: Հայ բնակչության` կազմակերպված զանգվածային կոտորածներ տեղի ունեցան Շուշիում (1920թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը): Այն նույնպես կազմակերպված էր Ադրբեջանի կառավարության կողմից: Կոտորածին զոհ գնացին 30 հազար հայեր: Բացի թաթարական խաժամուժից, այդ կոտորածին մասնակցում էին և կանոնավոր զորքեր: Ինչպես տեսանք, 1918-1920թթ. հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում նախապատրաստել և իրականացնում էր կառավարությունը, որն առաջնորդվում էր պանթյուրքիզմի և պանիսլամիզմի պաշտոնական գաղափարախոսությամբ։

Եթե 1905-1906 թթ․ հայրի նկատմամբ բռնություններն ունեին համաթաթարական բնույթ, ապա 1918-1920 թթ․ հայատյացությունը բարձրացվեց պետական մակարդակի՝ վերածվելով դավանվող պանթյուրքիզմին և պանսլամիզմին ուղեկցող գաղափարական կոնսոլիդացիոն ասպեկտի։