2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացից, պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ։ 44 օր տևած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է պատերազմելու միջազգայնորեն ընդունված նորմերն ու կանոնները՝ կիրառելով արգելված զինատեսակներ (կասետային զենքեր, ֆոսֆորային ռումբեր), ռազմական գործողություններում ընդգրկելով վարձկանների, թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, ակնհայտ բռնությունների դիմելով գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ։
Ռազմական գործողություններն ավարտվեցին նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Ադրբեջանը բազմիցս խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։ Նախ և առաջ ըստ համաձայնագրի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները պետք է վերադառնային իրենց բնակության նախնական վայր։
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կոպտագույն խախտում էր Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը։ Ըստ հայտարարության Լաչինի միջանցքի երկայնքով պետք է տեղակայվեր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ ապահովելով Հայաստանի և Արցախի անվտանգ հաղորդակցությունը։
Սակայն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից, Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում, որը գտնվում էր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ առաքելություն ստանձնած զորքերի պատասխանատվության գոտում, պետական ուղղորդմամբ ադրբեջանիցի մի խումբ մարդիկ «բնապահպանական» ակցիայի կեղծիքի տակ փակեցին Հայաստանը Արցախին կապող ճանապարհը։
«Բնապահպանական» ներկայացումից հետո 2023 թվականի ապրիլի 23-ին Ադրբեջանը փակեց Հակարի գետի կամուրջը։ Ապրիլի 24-ից սկսել են կամրջի վրա անցակետ կառուցել, ինչի արդյունքում կտրվել է Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։
Շրջափակման հետևանքվ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի համար միտումնավոր հարուցվել էր հումանիտար աղետ և էթնիկ զտման սպառնալիք։ 2023 թ․ հունիսի 14-ից ի վեր իսպառ դադարեցվեց սննդի, հուլիսի 7-ից՝ դեղորայքի մատակարարումը։ 2000 հղի կին, մոտ 30 000 երեխա, 20 000 տարեց և 9000 հաշմանդամություն ունեցող անձինք ենթարկվեցին թերսնման ու առհասարակ կյանքի իրավունքի արմատական ոտնահարման։
Ադրբեջանն իրականացնում էր նաև անցակետից բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության հովանավորության տակ գտնվող քաղաքացիական անձանց առևանգումներ և սկսում կեղծ դատական գործընթացներ։
2023 թ․ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ և մերժել է Ադրբեջանի հակընդդեմ հայցը։ Սակայն թե՛ այս որոշումը, թե՛ դրա հետագա վերահաստատումը չիրականացվեցին Ադրբեջանի կողմից։
2023 թ․ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների դիմեց 10-ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ։ Հաշված օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ զենքի սպառնալիքի տակ ստիպված լինելով լքել սեփական բնակավայրերը։ Այս գործողությունների ժամանակ կրկին արձանագրվել են մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, վայրագություններ, մանկասպանություն, բռնության սպառնալիք և անմիջական կիրառում։