Գլխավոր
Տեղեկատվություն
Գարդման

Գարդմանը հինավուրց հայկական իշխանություն է Մեծ Հայքի հյուսիս-արևելքում, ընդգրկում էր Ուտիք նահանգի համանուն Գարդման և Տավուշ գավառները։ Սահմանակցում էր արևմուտքից Արցախին, հարավ-արևելքից Շակաշենի իշխանությանը, հյուսիս-արևելքից Կուր գետով՝ Աղվանից աշխարհին, հյուսիս-արևմուտքից՝ Գուգարքին։ Գավառը հիշատակվում է նաև Գարդմանք կամ Գարդմանաձոր անուններով։ Գարդմանքի կենտրոնն էր Գարդման ամրոցը։ Այն Արշակունյաց թագավորության շրջանում եղել է Ուտիքի նախարարության աթոռանիստը, ուստի նահանգը վարչաքաղաքական առումով հայտնի է եղել որպես «Գարդմանցոց իշխանություն»։

10-րդ դարի սկզբին Հայոց թագավոր Աշոտ Բ-ն իր տիրույթին միացրեց Գարդմանը։

13-րդ դարի սկզբին Գարդմանը մտնում էր Զաքարյան իշխանների կրտսեր ճյուղի՝ Վահրամյանների հայկական իշխանության կազմում։ Նոր ժամանակներում այս տարածքում ստեղծվել է Գարդմանի մելիքությունը։ Գարդմանի Մելիք-Շահնազարյանները սերում էին Վարանդայի մելիքության իշխող տոհմից։ Նրանց նստավայրը Ոսկանապատ գյուղն էր (այդ պատճառով էլ մելիքությունը հաճախ անվանում են Ոսկանապատի)։ Հայ Մելիք-Շախնազարյանների ընտանիքի տարածքային-հողային իրավունքները հաստատվել են 19-րդ դարի սկզբին Գարդմանի և հարակից տարածքների Ռուսական կայսրությանը միացնելուց հետո։

Ակներև է, որ Գարդմանը պատմաշխարհագրորեն օրգանապես կապված է եղել արևմուտքից հայկական Տավուշին, հարավից պատմական Արցախին։

Գարդմանի տարածքը այժմ բաժանվում է երկու շրջանի՝ Գետաբեկի (առավել լեռնային հատվածը, որով սահմանակցում է Հայաստանի Հանրապետությանը) և Շամքորի (դաշտային հատվածը, որը հասնում է մինչև Կուր գետ)։

Սակայն դեռևս նախորդ դարի առաջին տասնամյակներին պատմական Գարդմանը անարդարցիորեն ներառվել է ադրբեջանական պետության կազմում, և Գարդմանի հոծ հայկական բնակավայրերը տասնամյակներ շարունակ ենթարկվել են ադրբեջանական իշխանությունների խտրական քաղաքականությանը։ 

Գարդմանը հարուստ է հայկական քրիստոնեական մշակութային ժառանգությամբ, որի գոյությունը 1988-1992 թթ․ Գարդմանի հայության բռնագաղթից ու հայաթափումից հետո խիստ վտանգված է։