«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որով դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին

2023-10-19

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որով դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին. «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ հոկտեմբերի 15-ին կիրակնօրյա պատարագից հետո Լեռնային Ղարաբաղի իրողություններին կատարված անդրադարձը։ Հռոմի պապի անհանգստությունը և բարձրաձայնած խնդիրները արտակարգ կարևորություն ունեն մեզ համար։ Պապի հատուկ կոչը վանքերի և աղոթատեղիների պաշտպանության համար ի լուր աշխարհի հաղորդում է, որ ողջ Լեռնային Ղարաբաղի հայկական քրիստոնեական մշակույթը՝ վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմանատաները, գտնվում են ոչնչացման և խեղման ամենաիրական վտանգի տակ։ Այս անհանգստությունը գուցե չլիներ այսքան իրական և վերահաս, եթե չլիներ պատմական և ոչ վաղ անցյալի դառը փորձը։ Վերջին ավելի քան մեկ հարյուրամյակի ընթացքում առնվազն 3 անգամ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում հայկական էթնիկ տարրը և հայկական մշակութային ներկայությունը ամենակոպիտ ձևով ենթարկվել է էթնիկ զտման ինչպես անմիջական կոտորածի, ջարդի, բռնի տեղահանության, այնպես էլ մշակութային ցեղասպանության ձևով։ Ասվածի վառ վկայությունն է 1918թ․ սեպտեմբերի 15-17-ը 30 հազար հայերի կոտորածը Բաքվում, 1988-1992թթ․ Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և հայաշատ այլ բնակավայրերի բռնի հայաթափումը ցեղասպանակերպ դրսևորումներով, Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացումը, 2020թ․ հետո Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածում, իսկ 2023թ․ սեպտեմբերից հետո ողջ Լեռնային Ղարաբաղում իրականացվող վանդալիզմը։ Այս հանցագործություններն ուղղված են ոչ միայն հայ տարրի, այլև ողջ քրիստոնեական աշխարհի դեմ, որովհետև հանդուրժողականության և փոխըմբռնման այս դարում այլևս պետք է անընդունելի լինեն կրոնական և ռասայական հիմքով խտրականությունն ու ատելությունը։ Մենք՝ որպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայության ներկայացուցիչներ, որպես մեր ոտնահարված իրավունքների վերականգնման համար պայքարողներ, խնդրում ենք Հռոմի պապին օգտագործել իր բարի կամքն ու հնարավորությունները՝ ստիպելու Ադրբեջանին՝ մոտենալ կրոնական հանդուրժողականության և բարձրագույն իրավական ու մարդկային արժեքների ընկալումներին, որովհետև միայն այդպես է հնարավոր ապահովել միջկրոնական երկխոսությունն ու փոխադարձ հարգանքը քաղաքակիրթ աշխարհում»։