«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ խստորեն քննադատել է Բաքվի «հակագաղութարարական» երեսպաշտությունը։
«Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի կողմից նկատվում է քննադատության աճ քաղաքակիրթ պետությունների նկատմամբ՝ անցյալի գաղութարարության պատճառաբանությամբ, ինչը զավեշտալի է, եթե մի թռուցիկ հայացք նետենք իր հարյուրամյա պատմության ընթացքում ադրբեջանական իշխանությունների քաղաքականության և ընթացիկ գործընթացների վրա։ Առնվազն երեք անգամ ներկայիս Ադրբեջանի տարածքում բնակվող էթնիկ հայ տարրը ռասայական և կրոնական հիմքով ենթարկվել է ամենաբիրտ խտրականության՝ սպանդի, թալանի, բռնի տեղահանության և հայրենազրկման։ Համաշխարհային «մարդասիրության» աղավնի ներկայացող Ադրբեջանի զոհն են դարձել 1918թ․ Բաքվում կոտորված 30 հազար հայերը, 1988-1992թթ․ բռնի տեղահանված կես միլիոնից ավել հայեր ամբողջ Ադրբեջանից, 2020-2023թթ․ ընթացքում ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ամենաիսկական էթնիկ զտման։
«Գաղութատիրության դեմ պայքարող ազգերի պահանջները» միջազգային հարթակներում բարձրացնելու հայտ է ներկայացնում մի պետություն, որը 10 ամիս սովամահության եզրին պահեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի, մի պետություն, որն ուղիղ մեկ ամիս առաջ դարձավ 13 երեխայի մահվան պատճառ, մի պետություն, որը պլանավորված էթնիկ զտում իրականացրեց՝ ցեղասպանության բոլոր հատկանիշների ուղեկցությամբ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ համաշխարհային երեսպաշտության փայլուն դրսևորում։
Ադրբեջանն աշխարհի հետ կառուցողական երկխոսության փոխարեն ստանձնել է տարածաշրջանում փորձառու ջեբկիրի դերը՝ հմուտ հնարքներով սեփականացնելով, օրինակ, Նիզամիին՝ իրանական գրականությունից, Դավիթ Գարեջայի վանքը՝ վրացական մշակույթից, ամբողջ հայկական քրիստոնեական մշակույթը՝ Արցախից և Հայաստանից՝ ֆիզիկապես ոչնչացնելով այն ամենը, ինչ հնարավոր է, խեղելով և դիմազրկելով մնացյալը, և, այս ամենով հանդերձ, իր վրա վերցնելով այլ պետություններին քաղաքակրթության դասեր և անցյալի համար ամոթանքներ տալու հանձնառությունը:
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն քննադատում է համաշխարհային հանրությանը մոլորեցնելու Ադրբեջանի այս հուսահատ փորձը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հաղթահարել երիտասարդ պետություն լինելու անխուսափելի բարդույթը, խուսափել սեփական մարդատյաց քաղաքականությունն այլ պետություններին վերագրելուց և փորձել կառուցողական երկխոսության միջոցով մոտենալ մարդասիրության եզրերին»։