«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պատրավորությունների և միջազգային արդարադատությունը մերժելու կապակցությամբ

2023-10-31

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պատրավորությունների և միջազգային արդարադատությունը մերժելու կապակցությամբ։

««Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը վերստին իր անհանգստությունն է հայտնում Ադրբեջանի հանրային և պետական խոսույթում հակահայկականության շարունակական աստիճանի, ատելության և բռնության քարոզի անօրինակ գերակայության կապակցությամբ։ 

Անվիճելի է, որ հակահայկականության և հայատյացության բարդույթը Ադրբեջանում վերածվել է քրոնիկ մոլության, որի անկառավարելի խորացումը անկայունության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարման իրական հնարավորություններ կարող է ստեղծել։ Ադրբեջանի կողմից ապակառուցողական մոտեցումների ամենավառ ապացույցը միջազգային հեղինակավոր ատյանների որոշումների անտեսումն է, որով ադրբեջանը «նավթային ոտնահետք» է թողնում մարդկային բարձր արժեքների և արժանապատվության գերակայման ապահովման համար ստեղծված միջազգային սկբունքների երեսին։ 

Դեռևս 2021 թ․ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանը, հիմք ընդունելով 1965թ․ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի մասին միջազգային կոնվենցիան», վճռեց Ադրբեջանի նկատմամբ կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները․ 

Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձաց դեմ ռասսայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտոնյաների և հասարակական կազմակերպությունների կողմից։ 

Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառյալ, բայց չսահմանափակվելով եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով։

բռնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել 2020թ. կոնֆլիկտի առնչությամբ գերեվարված բոլոր անձանց և ապահովել նրանց անվտանգությունն ու հավասարությունը օրենքի առջև։

Մեծ ջանքեր չեն պահանջվում հասկանալու համար, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտագույնս անտեսել է վերոնշյալ վճիռը, այլև պետականորեն է՛լ ավելի է խորացրել միջազգային հանցանքներ գործելու հարցում փորձառությունը՝ էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքից մինչև ամենաիսկական էթնիկ զտում, մանկասպանությունից մինչև առևանգում և սովամահության սպառնալիքից մինչև կեղծ բարեպաշտության քստմնելի դրսևորումներ։ Ահա՛ Ադրբեջան պետության մարդասիրական ողջ գունապնակը։ Մենք խստագույնս քննադատում ենք միջազգային իրավունքի նկատմամբ Ադրբեջանի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում միջազգային հանրությանը առավելագույն ճնշում գործադրել ժողովրդավարացման բոլոր հնարավորությունները տապալած և վաղմիջնադարյան կլանային արժեքներով 21-րդ դարում սուր ճոճող պետության նկատմամբ, որովհետև միայն այսօրեական խիստ միջոցներով է հնարավոր կանխարգելել գալիք աղետները»,- ասված է հայտարարության մեջ։