Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է վերջին շրջանում Ադրբեջանի կողմից միջազգային կառույցների ու հեղինակավոր գործիչների հասցեին հնչած անհիմն քննադատությունների առթիվ։
Ադրբեջանը վերջին շրջանում տարբեր հարթություններում հնչեցրած հայտարարություններով ու մեկնաբանություններով փորձում է հեղինակազրկել մի շարք միջազգային կառույցների ու հեղինակավոր քաղաքական ու հասարակական գործիչների։ Նման գործելակերպը բնավ խորթ չէ ադրբեջանական ժխտողական քաղաքականությանը։
Ադրբեջանը քննադատում կամ մերժում է միջազգային հարթակներում ու մամուլում ի շահ բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության հնչող ցանկացած հայտարարություն կամ որոշում՝ փոխարենը քաղաքակրթության դասեր տալով միջազգային դերակատարներին՝ պիտակավորելով իբր անցյալում կատարված իրադարձություններով։ Նման գործելակերպն անընդունելի է մի երկրի կողմից, որը վերջին հարյուրամյակում առնվազն երեք անգամ ամենաիսկական էթնիկ զտում է իրականացրել ռասայական և կրոնական խտրականության հիմքով։
Ադրբեջանը փորձում է կեղծ գիտական ու հակապատմական թեզեր շրջանառության մեջ դնելով՝ համապատասխան գաղափարական հիմքեր նախապատրաստել իր ագրեսիվ էթնոազգայնական ծավալապաշտական ծրագրերի իրականացման համար, մինչդեռ խորհուրդ ենք տալիս ադրբեջանական քարոզչամքենայի պատասխանատուներին վերընթերցել ոչ թե սեփական, այլ համաշխարհային պատմության դասագրքերը, որոնցում անպայմանորեն կառերեսվեն, օրինակ, հայկական Նախիջևանին, պատմական Գարդմանին, սեփական մայրաքաղաքի ճարտարապետության, նավթարդյունաբերության, սոցիո-մշակութային զարգացման գործում հայերի ունեցած ավանդին։ Շարքը կարելի է անվերջ թվարկել։ Թող փորձի Ադրբեջանը պատասխանել այն պարզ հարցին՝ թե ուր են Հին Ջուղայի խաչքարերը, ինչու է ջնջվել հայկական հետքը Բաքու քաղաքի պատմությունից, ինչու այսօր իրենց բնակավայրերում չեն ապրում պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայերը։ Միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կկարողանա արդարացիորեն առերեսվել պատմական փաստերին ու ընդունել անցյալի եղելությունները որպես անշրջելի ճշմարտություններ, կկարողանա ազատվել իրենից բացի այլ մեղավորներ փնտրելու կործանարար բարդույթից։
Մենք խորհուրդ ենք տալիս Ադրբեջանին աչալուրջ գտնվել միջազգային դերակատարների ինչպե՛ս խորհուրդներին, այլպե՛ս էլ իրավարար կառույցների որոշումներին»։