ԳՇՆ համահայկական միությունը հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75 ամյակի կապակցությամբ

2023-12-10

1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին մարդկության նկատմամբ տեղի ունեցած հանցանքներից հետո անհրաժեշտություն էր հետպատերազմյան կարգավորումներում մեծ տեղ հատկացնել մարդու իրավունքների ամրագրմանը և պաշտպանությանը, որովհետև նախկինում ստեղծված կարգավորումներն իրավազոր չէին գտնվել կանխելու այնպիսի հանցանքներ, ինչպիսիք էին ցեղասպանությունները կամ առհասարակ մարդու բնական իրավունքների ոտնահարումները։

Սակայն մինչև մարդու իրավունքների պաշտպանությանն անցնելը, նախ և առաջ անհրաժեշտ էր հստակորեն սահմանել, թե որոնք են դրանք։ Ուստի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածներում հանրագումարի են բերված պաշտպանության ենթական մարդու՝ որպես բարձրագույն արժեքի իրավունքների և ազատությունների հիմնական դրույթները, ինչը այս փաստաթղթին դարակազմիկ կարևորություն է հաղորդում։

Սակայն ինչպես Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի, այնպես էլ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի պարագայում, դրանց միջազգային ընդունումից տասնամյակներ անց մենք կրկին առերեսվում ենք մարդու իրավունքների արմատական ոտնահարումների ու դրան տրված անհամաչափ գնահատականների, որոնք, օժանդակում են ռասիզմի, էստրեմիզմի, ծավալապաշտության, նեոազգայնականության ծաղկմանը։

Ասվածի վառ օրինակն է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի պետական ծայրահեղ ազգայնական և ռասիստական քաղաքականությունը, որը վերջին մի քանի տասնամյակներում մի քանի փուլերով մարդու իրավունքների արմատական խախտումներով հայաթափել է ինչպես ողջ պատմական Գարդմանը, Շիրվանը և Նախիջևանը, այնպես էլ ողջ Լեռնային Ղարաբաղը։

1988-1992 թթ․ ավելի քան կես միլիոն էթնիկ հայեր կրոնական և ազգային անհանդուրժողականության ու հայատյացության բարձր ալիքի տակ ստիպված են եղել թողնել իրենց բնակավայրերը՝ կորցնելով ինչպես գույնքն ու ունեցվածքը, այնպես էլ սեփական մշակույթի պահպանության խնդրի նկատմամբ անմիջական վերահսկողությունը։

2020-2023 թթ․ պատերազմական գործողություննրի հետևանքով, ավելի քան 100 հազար բնիկ էթնիկ հայեր բռնագաղթի են ենթարկվել ադրբեջանական իշխանությունների կողմից։ Որևէ կերպ չկանխված էթնիկ զտումների ընթացքում մասնավորապես խախտվել են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված հետևյալ իրավունքները․ կյանքի, ազատության և անձի անձեռմխելիության իրավունք (հոդված 3), կտտանքների, դաժան, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի կամ պատժի չենթարկվլեու իրավունք (հոդված 5), կամայական կալանքի, բանտարկության կամ արտաքսման արգելք (հոդված 9), յուրաքանչյուրի տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու ազատության իրավունք յուրաքանչյուր պետության սահմաններում (հոդված 13/1), իր սեփականությունից որևէ մեկին կամայականորեն զրկելու արգելք (հոդված 17/2), կենսամակարդակի իրավունք, որը իր և իր ընտանիքի համար ապահովի առողջություն ու բարեկեցություն, այդ թվում՝ սնունդ, հագուստ, բնակարան ու բժշկական սպասարկում, անհրաժեշտ սոցիալական ծառայություններ և ապահովագրության իրավունք գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիության, ծերության և այն դեպքերում, երբ գոյության միջոցների ձեռքբերումը պայմանավորված չի իրենից կախված հանգամանքներով (հոդված 25/1), կրթության իրավունք (հոդված 26/1)։

Հիշատակված բոլոր խախտումները հավասարապես գործարկելի են նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից բռնությամբ տեղահանված մեր հայրենակիցների նկատմամբ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը բարձր է գնահատում միջազգային հանրության ջանքերը՝ ստեղծելու իրավապաշտպան այնպիսի համակարգ, որը առավելագույնս կպաշտպանի աշխարհի բոլոր մարդկանց բնական իրավունքները։ Սակայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից տասնամյակներ անց մենք չենք կարող չարձանագրել, որ ավտորիտար ռեժիմները և պետականահեն ռասիզմը շարունակում են լրջագույնս խոչընդոտել ինչպես պարզ ժողովրդավարացմանը, այնպես էլ մարդու բնական իրավունքների պաշտպանությանը։

Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն պատժիչ մեխանիզմներով է հնարավոր հասնել ապագայում նույնանման գործողությունների կանխմանը։ Ուստի մենք պատասխանատվության ենք կոչում Ադրբեջանին՝ առերեսվելու մարդկության դեմ գործած հրեշավոր արարքների համար։