32 տարի առաջ այս օրը՝ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն, որը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման և ազատ ու ժողովրդավար կամարտահայտման բարձրագույն դրսևորումը դարձավ։ Անկախության հանրաքվեն անցկացվեց իր ժամանակի համար միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան և լուսաբանվեց այնպիսի պարբերականների ու լրատվական գործակալությունների կողմից, ինչպիսիք են «Le Quotidien de Paris», «France-Presse», «Известия», «Радио России» և այլն։ Հանրաքվեի արդյունքներով ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), մինչդեռ Լեռնային Ղարաբաղում բնակվող ընդամենը 17,8 % ադրբեջանցիները բոյկոտեցին ընտրությունները՝ սատարելով սեփական իրավունքների ազատ իրացման համար պայքարի դեմ ադրբեջանական բռնատիրության ժխտողականությանը։
32 տարի շարունակ Ադրբեջանը հավատարիմ մնաց իր որդեգրած էքստրեմիզմի ու ժխտողականության համակարգային քաղաքականությանը՝ հայության արդար պահանջը նենգափոխելով ահաբեկչության ու անջատողականության զազրելի քարոզի։
2020 թ․ սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա և 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմները ասվածի վառ վկայությունն են։ Սա ժողովրդավարության և մարդու իրավունքների համակարգային ոտնահարման համաշխարհային օրինակ է, որը դատապարտման և պատժի կարիք ունի։
Անկախության հանարքվեն միակ ելքն էր Լեռնային Ղարաբաղի հայության համար՝ ապահովելու իրենց բնօրրանում խաղաղ ու ապահով կենսագործունեության շարունակականությունը։ Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի 1988 թ․ սկսած հայաթափումը չափազանց պարզ օրինակն էր այն բանի, որ Ադրբեջանի կազմում հայությունը կանգնած է գոյութենաբանական ծայրահեղ վտանգի առաջ։ Պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում հայկական անհաշվելի մշակութային ժառանգության շարունակական կորուստը ևս եկավ ապացուցելու պնդումը, թե համամարդկային արժեքների մասին բարձր պատկերացումները Ադրբեջանում շարունակում են մնալ թղթի վրա և ստորագրված բոլոր իրավարար կոնվենցիաները և հռչակագրերը մատնված են անգործության, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է առաջնորդվել նեոազգայնական, ծավալապաշտական և ռասիստական գաղափարախոսությամբ։