«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը» հայտարարություն է տարածել Ադրբեջանի «մշակութապահպան» վանդալիզմի մասին

2023-12-20

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել  Ադրբեջանի «մշակութապահպան» վանդալիզմի մասին 

«Վերջին շրջանում Ադրբեջանը պարբերաբար կազմակերպում է մշակույթային ժառանգության պահպանությանը նվիրված միջոցառումներ, պանելային քննարկումներ։ Օրերս տեղի է ունեցել «Մշակութային ժառանգություն» խորագրով համաժողովը, որի շրջանակներում անցկացվել են մի շարք պանելային քննարկումներ՝ նվիրված նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և արդի մարտահրավերների խնդրին։ 

Թվում է, թե ասվածը խնդրահարույց չէ, սակայն խնդրահարույց և նույնիսկ զավեշտալի է դառնում, երբ «մշակութային ժառանգության պահպանության» կողքին հատ առ հատ դնենք հայկական մշակույթի այն նմուշները, որոնք անցած տասնամյակների ընթացքում պարբերական և հետևողական, համակարգային կերպով ոչնչացվել են ադրբեջանական իշխանությունների ուղղակի պատվերով։ 

Մշակույթի պահպանության մասին անհանգստացող ադրբեջանական իշխանությունները կարո՞ղ են արդյոք պատասխանել այն պարզ հարցին, թե որտեղ են Հին Ջուղայի հազարավոր խաչքարերը, և արդյոք բարոյական է գերեզմանատան տեղում հրաձգարան կառուցելը, արդյոք բարոյական է Բաքվի հայկական եկեղեցին ֆիզիկապես պահպանելը, բայց որպես պահեստ օգտագործելը, արդյոք բարոյական է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին, ըստ «ճարտարապետական հարմարության» վերակառուցման ենթարկելը կամ գերեզմանատան միջով ճանապարհ անցկացնելը, արդյո՞ք մշակութապահպան քայլ է Բաքվի հայկական ճարտարապետության յուրացումը և հայկականության առհասարակ մերժումը, որը եթե ինչ֊որ ժամանակ արվում էր լուռ և քողարկված, ապա այժմ արվում է բացահայտ` առանց պատժելիության վախի, ինչն առաջացնում է երևույթի շարունակականության աճող սպառնալիք։

Սրանք պարզագույն հարցեր են, որոնց պատասխանը գտնելը մեծ ջանքեր չի պահանջում․ Սա կրոնական և էթնիկ խտրականության վառ դրսևորում է, երբ խոսվում է մեկ մշակույթի պահպանության մասին, բայց գործնականում իրականացվում է մեկ այլ մշակույթի տեղային ամբողջական ոչնչացում։ 

Ստացվում է, որ մշակութակործան իշխանությունը խոսում է «մշակութապահպանության» մասին։ Սա «մշակութապահպան» վանդալիզմ է, որը ժամանակակից աշխարհում նախադեպային սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը և ժողովրդավարացմանը»,- ասված է հայտարարության մեջ։