«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը» հայտարարությամբ անդրադարձ է կատարել պատմական Գարդմանի հայաթափմանը

2023-12-27

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Գարդմանի հայաթափմանը։

«1988թ․ դեկտեմբերը գարդմանահայության հավաքական հիշողության մեջ մնացել է որպես բռնի տեղահանության, հայերնազրկման և մշակութազրկման ամիս։ Ադրբեջանական իշխանությունները, ի պատասխան արցախահայության արդար պահանջով սկսված պայքարի, դիմեցին բռնությունների արտակարգ պրակտիկայի՝ հետապնդելով պատմական Գարդմանից, Շիրվանից ու Նախիջևանից հայությանը արմատախիլ անելու գերագույն նպատակը։ 

Գարդմանի հայաթափման մեջ իր ուրույն տեղն ունի Փիփ/Զագլիկ գյուղի հայաթափումը։ Փիփ/ Զագլիկը Գարդմանի ամենահայաշատ բնակավայրերից մեկն էր, որտեղ հայկականության սկիզբը թվագրվում է դեռևս 8-րդ դարով։ Անգամ գյուղի՝ Փիփ անվանումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է քրիստոնյա Փեփրոնյա (Փեբրոնյա) կույսի անվան հետ, ով նահատակվել և ամփոփվել է գյուղի համանուն հայկական եկեղեցում։ Բնակավայրում և դրա շրջակայքում էին տեղակայված Չարեք, Գարդման վանքերը, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Փեփրոնյա, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հովհաննես եկեղեցիները, Հարանց, Բարսամ Ճգնավոր, Մաղթում զադե մատուռները, Կեռստավանք բերդը, Քարհատի խաչ, Րուսկան նահատակ ուխտատեղիները, բազմաթիվ խաչքարները, աղբյուրներ։ Սա հայկական մշակութային ժառանգության համեստ մասն է միայն։ 

Սակայն այս ողջ ժառանգությունը հայտնվեց գոյութեական սպառնալիքի տակ, երբ տեղի հայությունը, չունենալով անգամ կյանքի ապահովության հնարավորություն, ստիպված եղավ հեռանալ իր հայրենիքից՝ ապաստանելով Հայաստանում։ Այս իրադարձությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից ընդամենը մեկ օր անց, երբ Հայաստանը գտնվում էր իրապես դժվարագույն հումանիտար պայմաններում։ Երբ աշխարհի բոլոր ծայրերից՝ առանց կրոնական և ռասայական խտրականության ժողովուրդներն ու պետությունները շտապում էին Հայաստանին օգնության, Ադրբեջանը գնում էր  էթնոֆոբիայի զարգացման ճանապարհով՝ բռնի տեղահանելով պատմական Գարդմանի բնակչությանը, ոչնչացման իրական սպառնալիք ստեղծելով դարեր շարունակ ստեղծված հայկական նյութական ու հոգևոր մշակութային ժառանգության համար։ 

Այնպես, ինչպես 35 տարի առաջ, այժմ ևս հայությանը չարաբախտություն է վիճակվել վերապրել գաղթ ու հայրենազրկում, կյանքի սպառնալիքներ ու ունեզրկում: Պատմության այս արատավոր շրջապտույտը հնարավոր է կասեցնել միայն միջազգային ջանքերով հանցագործին պատասխանի կոչելով, պատմական արդարությունը վերականգնելով և իրապես մարդասիրական սկզբունքների վրա հիմնված միջպետական ու միջազգային հարաբերություններ կառուցելով»,- ասված է հայտարարության մեջ։