Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Ադրբեջանի որոշմանը Մամեդ էմին Ռասուլզադեի 140-ամյակը նշելու վերաբերյալ։
«Օրերս Ադրբեջանում՝ համաձայն նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի, կայացվել է որոշում Մ․ Է․ Ռասուլզադեի ծննդյան 140-ամյակի տոնակատարություն կազմակերպելու կապակցությամբ։ Մ․ Է․ Ռասուլզադեն, ով հանդիսանում է Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ղեկավարներից մեկը, իր քաղաքական գործունեությունը սկսել է որպես համոզված ծայրահեղ պանիսլամիստ և պանթյուրքիստ, և չի հրաժարվել իր դավանած ծայրահեղական գաղափարներից ողջ կյանքի ընթացքում՝ հասցնելով հարել նաև հիտլերյան նացիստական ճամբարին։
Ադրբեջանի խորհրդայնացումից հետո քաղաքական վտարանդի դարձած Մ․ Է․ Ռասուլզադեն ակտիվ հակախորհրդային պայքար է մղել՝ ձգտելով Խորհրդային Ադրբեջանում ապստամբության հրահրման միջոցով վերադառնալ իշխանության և կյանքի կոչել նախկինում դավանած ազգայնական գաղափարները։ Այսպիսի բարենպաստ հնարավորություն առաջացավ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ։ Աշխարհամարտի սկզբում նա կապեր է հաստատել գերմանական իշխանությունների հետ, իսկ 1942 թ․ արդեն ամբողջությամբ ներգրավված էր նացիստական բանակի կազմում ադրբեջանական լեգեոնի ստեղծման աշխատանքներին։
Նացիստական ծայրահեղ խտրական և մարդատյաց գաղափարախոսությանը հարած գործիչը այսօր կրկին հերոսացվում է Ադրբեջանում։ Պատմական սիմվոլիզմի տեսակետից որևէ տարօրինակ բան չկա, քանի որ ցեղասպանությունը սատարող գործիչը հերոսացվում է ամիսներ առաջ ցեղասպանություն իրականացրած պետության կողմից։ Նացիստների կողմից իրականացված համակենտրոնցման ճամբարների պրակտիկան կարծես վերարտադրվեց 21-րդ դարում՝ ի դեմս Լեռնային Ղարաբաղի 10 ամսյա շրջափակման և միտումնավոր հարուցված հումանիտար աղետի, որի հանգուցալուծումը անհավասար և ապօրինի երկօրյա պատերազմն էր՝ մանկասպանության, քաղաքացիական ենթակառուցվածների թիրախավորման, պատերազմական այլ հանցանքների անկառավարելի ուղեկցությամբ։
Տասնամյակներ շարունակ համակարգային անազատության մեջ վերարտադրվող ադրբեջանական հասարակությունը, ցավոք, ի զորու չէ օբյեկտիվ գնահատականներ տալու իրեն հրամցվող սնապարծ իրողություններին։ Խոսքի ու խղճի ազատությունից զուրկ և հանրային աղքատության մեջ քաղաքացիական «արժանապատվությունը» կորցրած ադրբեջանական հասարակությունը մշտապես կարիք ունի կուռքերի, ճիշտ այնպես, ինչպես նախնադարյան համայնքը, և ավելի քան 30 տարի է, ինչ սոցիալիստական կուռքերին փոխարինելու են եկել ազգային կուռքերը՝ Մ․ Է․ Ռասուլզադեն, Հեյդալ Ալիևը, արդեն նաև Իլհամ Ալիևը, որոնք պատմաժամանակային հեռակա պայքարի մեջ են միմյանց հետ՝ պաշտամունքային գաղափարական-քաղաքական արեալի մեծացման համար։ Այս առումով մատնանշելի է, որ հենց Հեյդար Ալիևն էր մեղադրել Մ․ Է․ Ռասուլզադեին «Հիտլերի կողքին նստելու համար», իսկ Իլհամ Ալիևը բոլորովին վերջերս Մ․ Է․ Ռասուլզադեին համարում էր դավաճան։ Սակայն այսօր՝ արտահերթ նախագահական ընտրությունների նախօրեին, Մ․ Է․ Ռասուլզադեի հերոսացումը մի՞թե տակտիկական քայլ չէ գործող նախագահի կողմից՝ կոսմետիկ պոպուլիզմով լայնացնելու իր վստահորդների բանակը՝ ի հաշիվ այլ քաղաքական ուժերի հետևորդների, թե՞ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումն արդեն իսկ ապահովել է բարձր լեգիտիմություն ու Իլհամ Ալիևն այլևս «չի վախենում» Ադրբեջանի հայր համարվող Մ․ Է․ Ռասուլզադեի հետ հերոսության համար պայքարից։
Դավաճանությունից հերոսություն տրասֆորմացիան ամիսների խնդիր է մի պետությունում, որտեղ բանտերը լի են քաղբանտարկյալներով և որտեղ ընտրությունները բեմականացված ներկայացումներ են՝ արժանի պրոֆեսոնալիզմի համար ամենաբարձր գնահատանքին։ Եվ հատկանշական է, որ փառաբանված բոլոր գործիչները բացառապես ծայրահեղ ազգայնականության ջատագովներ են։
Սա պատմաքաղաքական կռապաշտության պարտադրանքն է, որով տասնամյակներ շարունակներ սնվում է ադրբեջանական հասարակությունը՝ չկարողանալով ազատվել էթնոֆոբիայի ախտից՝ այն ուղղելով հարևան ժողովուրդների և պետությունների դեմ՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով ռասիզմի և այլատյացության դրսևորման անչափելի կամք ու պատրաստակամություն։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է նացիզմի ջատագով Մ․ Է․ Ռասուլզադեի հերոսացումը՝ համոզված լինելով, որ նման գաղափարաբանությամբ առաջնորդվելը տարածաշրջանային խաղաղեցման և ժողովրդավարացման իրական հնարավորություն չի ստեղծում»։