Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի դիտարկումներին 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ կատարած այցի վերաբերյալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ․
«Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հրապարակել է իր դիտարկումները 2023 թ․ հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։
Խոսելով Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար հայության բռնի տեղահանության մասին՝ հանձնակատարը մի քանի առանցքային դիտարկումներ է կատարել, մասնավորապես՝ նշելով, որ «2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն էր»։ Հանձնակատարը նաև արձանագրել է, որ հայության տեղահանմանը նախորդել էին մարդկանց տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև ընդհատումները, որին բախվել է Լեռնային Ղարաբաղի հայությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի շրջափակման հետևանքով։
Մեկ այլ կարևոր դիտարկում է այն, որ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած գույքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց»։ Այս խնդիրը իրապես մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ համացանցում պարբերաբար տարածվում են ադրբեջանցի զինվորների կողմից բնակարանների թալանի տեսարաններ պարունակող տեսագրություններ։ Բացի այդ, գույքի տնօրինման խոչընդոտումը խիստ բնորոշ է Ադրբեջանի իշխանություններին։ 1988-1992 թթ․ բռնագաղթեցված ավելի քան կես միլիոն հայությունն առ այսօր զրկված է պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում թողնված գույքի տնօրինման հնարավորությունից։
Սակայն Հանձնակատարի դիտարկումների առանցքը Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի շուտափույթ և հավուր պատշաճի իրացման պնհրաժեշտությունն էր՝ մարդու իրավունքների ոտնահարման բացառմամբ, ինչը չափազանց կարևոր է, եթե հաշվի առնենք, որ ավելի քան մեկ տարի է, ինչ Ադրբեջանը տորպեդահարում է նույնիսկ մարդու իրավունք և իրավունքների պաշտպանություն հասկացությունները՝ միտումնավոր կերպով ավելի քան 10 ամիս հումանիտար ճգնաժամ հարուցելով և ակտիվ ու բացահայտ էթնիկ զտման դիմելով քաղաքացիական բնակչության նկատմամբ։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչ ջանքերը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների արդարացի պաշտպանության ուղղությամբ և հույս հայտնում, որ ապագայում Հանձնակատարի կողմից դիտարկելի կդառնա նաև 1988-1992 թթ․ պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանի բռնագաղթեցված ավելի քան կես միլիոն հայության իրավունքների վերականգնման խնդիրը, որն ընկած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակունքներում՝ որպես Ադրբեջանի կողմից համակարգային հայատյացության կիրարկման իր ժամանակի համար աննախադեպ մի դրսևորում»։