Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի է ունեցել «1918թ.-ին Բաքվի գրավման դերն Ադրբեջանի պետականակերտման հարցում, զուգահեռներ 2020թ.-ի հետ» խորագրով գիտական միջոցառում

2023-10-27

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի կարծիքով՝ հայերի առջև այսօր ծառացել են նույն մարտահրավերները, որոնք կային 1918 թվականին ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև Ադրբեջանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Բաքվում․ այդ առումով պատմությունն իսկապես հարյուր տարի անց էլ կրկնվում է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցած Բաքվի կոմունայի և հայերի կողմից Բաքվի պաշտպանության 105-ամյակին նվիրված գիտաժողովում Մինասյանը հանգամանորեն անդրադարձավ հայերի մասնակցությանը 1918 թվականի Բաքվի պաշտպանական մարտերին՝ ընդդեմ մուսաֆաթական ուժերի։

«Ուղիղ 105 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները բնորոշվում են պատմական առանձնահատկությամբ․ դրանք 44-օրյա պատերազմից առաջ և հետո կրկնվեցին։ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ուժերով Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեցին մեծածավալ ագրեսիա, ինչի հետևանքով այն երեք տարի անց ամբողջությամբ հայաթափվեց։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական անգամ իրականացրեց հայկական էթնոսի բնաջնջմանն ուղղված ցեղասպան ծրագիր, որը մշակել էին դեռ 1918 թվականին մեծ Թուրան ստեղծելու նպատակադրությամբ։ Այդ քաղաքականությունը շարունակվում է նաև այսօր, ուստի հայկական ինքնապաշտպանական ուժերի և մասնավորապես Բաքվի պաշտպանական մարտերի թեման դարձել է առավել արդիական, քանի որ պատմությունից դասեր քաղելու և ճիշտ որոշումներ ու քայլեր կատարելու խնդիր ունենք»,- ասաց Մինասյանը։

Նրա դիտարկմամբ՝ շատ կարևոր նշանակություն ունի հայության անմիջական մասնակցությունը Բաքվի ինքնապաշտպանությանը, քանի որ այդ ժամանակ Ադրբեջանի մայրաքաղաքն, ըստ էության, հայկական էր, որտեղ ապրում էին մոտ 150 հազար հայեր։ Ինքնապաշտպանական մարտերը կարևոր էին ընդհանուր առմամբ ողջ արևելահայության համար։ Պատմաբանը վկայակոչեց գեներալ Հակոբ Բագրատունու խոսքերը, ով ժամանակին անդրադառնալով թուրք-ադրբեջանական ծրագրին՝ նշել է, որ Բաքվի գրավմանը պետք է հաջորդեր Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի օկուպացիան։ Բագրատունին շեշտում էր, որ սեղանին դրված էր ոչ միայն հայության փրկության, այլև Հյուսիսային Կովկասի անվտանգության հարցը։ ՀՅԴ քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Մելիք-Յոլչյանն իր հերթին ընդգծել է, որ Բաքվի ինքնապաշտպանական մարտերով հաջողվել է շեղել թշնամու ուշադրությունը՝ ապահովելով Սարդարապատի, Բաշ-Ապարանի հերոսամարտերում հայկական զորքերի հաղթանակը։     

«Բաքվի կոմունան Ստեփան Շահումյանի գլխավորությամբ նպատակ ուներ ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամբողջ Ադրբեջանում հաստատել խորհրդային կարգեր։ Այդ ժամանակ բավականին հետաքրքիր համագործակցություն կար բոլշևիկների ու դաշնակցականների միջև, ինչը բացառիկ երևույթ էր, և որը պայմանավորված էր հայկական շահերի պաշտպանությամբ։ Բաքվի ազգային խորհուրդը Ռոստոմի գլխավորությամբ գնաց զիջումների՝ ընդունելով Շահումյանի առաջարկները, քանզի սեղանին դրված էր հայության փրկության հարցը։ Բաքվի բոլշևիկյան իշխանությունն այդ օրերին իր տրամադրության տակ ուներ մոտ 20 000 զինվոր, որոնց 70 տոկոսը հայեր էին։ Չորս մարտական բրիգադների հրամանատարները նույնպես մեր հայրենակիցներն էին։ Բոլորն էլ մարտնչում էին Կարմիր բանակի դրոշի ներքո»,- նշեց Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ թեև 1918 թվականին արդեն կնքվել էր Բաթումիի պայմանագիրը, սակայն թուրքական բանակի հրամանատար Վեհիբ փաշան չէր թաքցնում, որ իրենց նպատակը Բաքի նավթային պաշարներին տիրանալն էր, ու քանի որ Առաջին աշխարհամարտը դեռ շարունակվում էր, ուստի պատեհ առիթ էր ստեղծվել պանթուրքիստական ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու, այդ թվում՝ Արևելյան Հայաստանը նվաճելու համար։

«Այդուհանդերձ ուժերն անհավասար էին, ինքնապաշտպանության մարտիկների առջև կանգնած էր մեծաքանակ թուրքական բանակը, իսկ Գանձակում արդեն ձևավորվել էր մուսաֆաթական կառավարությունը։ Թուրք-ադրբեջանական զորախմբերը նախ գրավեցին Շամախին, այնուհետև Բաքուն՝ չնայած համառ ինքնապաշտպանությանը։ Ցավալի է արձանագրել, որ ռուսական կենտրոնական իշխանությունը, չնայած խոստումներին, այդուհանդերձ չօգնեց Բաքվի կոմունային։ Չէ՞ որ կան Շահումյանի նամակները՝ ուղղված Լենինին, Ստալինին ու Տրոցկուն։ Հետագա երկու տարիներին, երբ Ադրբեջանում հաստատվեց մուսաֆաթական իշխանությունը, տարբեր հայաշատ վայրերում տեղի ունեցան ջարդեր և ցեղասպանական գործողություններ։ Բաքվի կոմունայի 26 անդամները, որոնցից ութը հայեր էին, գնդակահարվեցին»,- ասաց մեր զրուցակիցը։

Մինասյանի խոսքով՝ պատմական զուգահեռներ անցկացնելիս այսօր ամենակարևորը «Զանգեզուրի միջանցքի» գաղափարն իսպառ մերժելն է, որն այժմ էլ ընկած է պանթուրքիստական ծրագրի հիմքում։ Ըստ նրա՝ ոչ ոք դեմ չէ տրանսպորտային երթուղիների բացմանը, սակայն խնդիրն այն է, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը թուրքերի կողմից մշակված հայատյաց քաղաքականության առանցքային կետերից է։ Պատմաբանի պնդմամբ՝ մենք պետք է ի վերջո դասեր քաղենք պատմությունից, հզորանանք, չվհատվենք և թույլ չտանք նոր ագրեսիա։         

Մանվել Մարգարյան