Մատենադարանի նոր մասնաշենքի դահլիճում նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ուխտագնացություն Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին:
Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանը տեսնելու և ուխտի էին եկել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամներ, Գարդման գավառի Բանանց գյուղից 1980-ականների վերջին բռնի տեղահանված բնակիչներ։
Մատենադարանի փոխտնօրեն Վահե Թորոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս Ավետարանը համարվում է ամբողջապես պահպանված հնագույն ավետարաններից մեկը և այդ իմաստով չափազանց կարևորություն ունի։ Դատելով ուսումնասիրություններից՝ ենթադրվում է, որ այն կարող է ստեղծված լինել 7-րդ դարում։
Ըստ մեր զրուցակցի՝ հայտնի չէ նաև ձեռագրի ստեղծման վայրը։ Այն ժամանակին պահվել է Հավուց Թառի վանքում, իսկ 16-րդ դարից սկսած՝ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։ Այնուհետև Ավետարանը նվիրաբերվել է Վեհափառ Հայրապետ Վազգեն Ա կաթողիկոսին, իսկ նա նվիրել է Մատենադարանին։
Հնությամբ պայմանավորված՝ հենց այս ձեռագիրն է ընտրվել որպես ՀՀ նախագահների երդմնակալության արարողության ժամանակ կիրառվող Ավետարան։
««Բանանցի Ծեր» Ավետարանը Մատենադարանի և ընդհանրապես հայ ձեռագրական հավաքածուների գլխավոր զարդերից մեկն է՝ իբրև հնագույն ամբողջական ավետարան։ Նրա նշանակությունն իր զորությամբ չափազանց մեծ է»,-ընդգծեց Թորոսյանը՝ հավելելով, որ առաջին անգամ ուխտագնացությունը կազմակերպվել է 2019 թվականին, որին հաջորդած դեպքերը՝ մասնավորապես 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու վերջին իրադարձությունները կարևոր նշանակություն են հաղորդել այս ավանդույթին։
Ուխտի եկածները շնորհակալություն հայտնեցին Մատենադարանի տնօրինությանը իրենց կորսված գյուղի մասունք համարվող Ավետարանը տեսնելու և այս հնարավորությունն ընձեռելու համար։
Ուխտն ամփոփվել է Ավետարանին մասնակիցների ձեռնադրմամբ և խոնարհումով։