Տեղի է ունեցել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ Վիլեն Գաբրիելյանի և փոխնախագահներ Լևոն Ստեփանյանի և Մարիամ Ավագյանի մամլո ասուլիսը կազմակերպության հիմնման, նպատակների և իրականացվող աշխատանքների վերաբերյալ

2023-10-19

Նորաստեղծ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ստեղծվել է ադրբեջանական իշխանությունների կողմից պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության նպատակով։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ միության ստեղծման նպատակներից է նաև փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրների վերհանումը և հայ փախստականների խնդիրների արդարացի շուտափույթ կարգավորմանը նպաստելու գործընթացը։

«Այս դաշտում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք լուրջ դերակատարում են ունեցել փախստականների խնդիրները բարձրաձայնելու, նրանց իրավունքներին պահանջատեր լինելու գործում։ Կարծես, այս տարիներին պետությունը հետևողական չի եղել այս գործընթացում, հիմնականում զբաղվել է փախստականների սոցիալական, կենցաղային հարցերը լուծելու գործով։ Հասարակական դաշտում որոշակի լճացում կա և մեր խնդիրն է նաև հասարակական դաշտին որոշակի առումով նոր շունչ տալ, ինչպես նաև հնարավորինս եղած հասարակական կազմակերպությունների միջև առավելագույն կոնսոլիդացիա ապահովել, որպեսզի փախստականների ոտնահարված իրավունքները ճշգրիտ ձևակերպվեն ու ներկայացվեն»,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։  

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահի տեղակալներ Լևոն Ստեփանյանը նշեց, որ միության ստեղծումը պահանջված էր։ Առաջնային է փախստականների խնդիրներով զբաղվող հասարակական հարթակին նոր թափ հաղորդելը, եղած ներուժը համախմբելը։

«Մենք երկար տարիներ է գործում ենք այս դաշտում, ունենք կուտակած մեծ փորձ։ Եղած ներուժը համախմբելով՝ մենք կարող ենք արդյունավետ աշխատանք իրականացնել։ Այս հասարակական կազմակերպությունը շուտով շատ հարցերի պատասխաններ կտա»,-ասաց Լևոն Ստեփանյանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահի տեղակալներ Մարիամ Ավագյանի խոսքով, փախստականների իրավունքների, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության գործում մասնագետների, փորձագետների ներուժը համախմբելու անհրաժեշտություն ևս կա։

«Ուզում եմ կոչ անել բոլոր փորձագետներին ակտիվ լինել այդ հարցում։ Մշտապես շատերն ուղղորդել են, ներկայացրել են առաջարկություններ, որպեսզի մեր գործունեությունը պահենք նույն ուղեծրի վրա։ Այս հասարակական կազմակերպությունը պետք է ունենան գործունեության լայն դաշտ, ակնկալում ենք, որ պետությունը մեր առաջարկներին հնարավորինս աջակցի։ Փախստականների հարցը քաղաքական գործոն է, այն ձևավորվել է ցեղասպան գործողությունների հետևանքով»,-ասաց Մարիամ Ավագյանը։