Մատենադարանում տեղի է ունեցել ուխտագնացություն Բանանցի Ծեր ու Պահապան Ավետարանին, ներկա են եղել «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության անդամներ, Գարդման գավառի Բանանց գյուղից 1980-ականների վերջին բռնի տեղահանված բնակիչներ

2023-11-04

Մատենադարանում է պահվում մեզ հասած հայերեն հնագույն ամբողջական ձեռագիրը՝ Բանանցի «Ծեր» Ավետարանը:

Ձեռագրի գրչության ստույգ տեղն ու ժամանակը հայտնի չեն։ Ըստ հնագրական տվյալների՝ Ավետարանը ենթադրաբար թվագրվում է 7-րդ դարով։ Ձեռագիր մատյանը 16-րդ դարից սկսած պահվել է Գարդման գավառի Մեծ Բանանց գյուղում, որտեղ այն կոչել են «Ծեր» կամ «Պահապան» Ավետարան։

Գանձակի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Տերյանը 1975 թ. հունվարին ձեռագիրը նվիրել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին՝ հետևյալ մակագրությամբ. «... վասն հիշատակի հանգուցյալ Տիրամոր՝ Սիրանույշ Պալճյանի, որը նվիրեց մեր ազգին շինարար, հայրենասեր, բարի և անբիծ Հայրապետին...»: Վազգեն Ա կաթողիկոսը նույն թվականի հուլիսին ձեռագիրը ընծայել է Մատենադարանին, որտեղ այն, ի հիշատակ Հայրապետի մոր, կոչվել է «Վեհամոր Ավետարան»:

Մատյանի հնությամբ պայմանավորված՝ հենց այս Ավետարանի վրա են երդվում ՀՀ նախագահները երդմնակալության ժամանակ։

Ամեն տարի Բանանց գյուղի բնակիչներն ուխտագնացության են գալիս Մատենադարան՝ տեսնելու հրաշագործ և բժշկող Ավետարանը: