«Ադրբեջանը շարունակում է սեփական հանցանքները թաքցնելու նպատակով ագրեսիվորեն և անարդարացի կերպով պիտակավորել միջազգային հանրության ներկայացուցիչներին ու միջազգային կառույցները, տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իր դժգոհությունն արտաքին աշխարհի արդարացի գնահատականների նկատմամբ արտահայտելիս Ադրբեջանը չի խորշում դիմել այնպիսի միջոցների, ինչպիսիք են պատմական անցյալի անտեղի ու վտանգավոր վկայակոչումը՝ ի դեմս «Խաչակրաց արշավանք» եզրի կիրառման։
Խախտված մարդասիրության և անարդարացի գնահատականների մասին խոսում է մի պետություն, որի իր գոյության առաջին իսկ օրից դիմել է էթնիկ զտումների քրիստոնյա տարրի նկատմամբ։ Ասվածի վառ վկայությունն են 1918թ․ Բաքվում 30 հազար հայերի սպանդը, 1988թ․ Սումգայիթի, 1990թ․ Բաքվի կոտորածները, 1988-1992 թթ․ ավելի քան կես միլիոն հայության բռնագաղթեցումը պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքից, անընդհատ մշակութային ցեղասպանությունն ու պղծումները, որոնց ուղեկցվել են սեփական ժողովրդին և աշխարհին կեղծ գիտապատմական թեզեր հրամցնելով։
Եվ վերջապես, աշխարհն ականատես եղավ 2020թ․ 44-օրյա պատերազմի հանցանքին, Հայաստանի դեմ ռազմական գործողություններին, Լաչինի միջանցիքի 10-ամսյա ապօրինի շրջափակմանը և հումանիտար աղետ հարուցելուն, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների անտեսմանը, Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-20-ի պատերազմին ու փաստացի էթնիկ զտմանը։
Ասվածը գործնականում տեղի ունեցածի համառոտ շարադրանքն է միայն, որովհետև Ադրբեջանի հանցանքները մարդկության նկատմամբ և մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները մշտական բնույթ ունեն։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը Ադրբեջնին պատրավորեցնել կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները՝ մարդու իրավունքների ամբողջական ապահովումից մինչև կատարած հանցանքների համար պատասխանատվության պահանջ»։