«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ

2024-11-14

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հայտարարությանը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ։

«Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրությանը ապակողմնորոշելու վտանգավոր պրակտիկան։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումանի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Ադրբեջանը ներկայացնում է «համակեցության և վերադարձի  հստակ և թափանցիկ ծրագիր», և մեղադրել է Հայաստանին այդ ծրագիրը մերժելու մեջ։ 

Այս դիտարկումը պարունակում է առնվազն մի քանի անճշտություններ։ Նախ և առաջ մեծագույն կեղծիք է «համակեցության և վերադարձի  հստակ ու թափանցիկ» ծրագիրը, որի բոլոր բաղադրատարրերը իրականության մեջ այլ բովանդակություն ունեն։

Վերջին առնվազն երեսուն տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար ապացուցել է հայ-ադրբեջանական ցանկացած համակեցություն բացառելու ձգտումը։ Այս են վկայում ինչպես պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի ամբողջական բռնի հայաթափումը, ինչպես հայկական ժառանգության յուրացումն ու ոչնչացումը, այնպես էլ քնած հայ սպայի կացնահարումը և հանցագործի ազգային հերոսացումը, դպրոցական դասագրերում հայատյացության աննախադեպ քարոզչությունը, և վերջապես այն ցեղասպան քաղաքական և ռազմական վարքը, որին ամբողջ աշխարհն ականատես եղավ 2020-2023 թթ․ ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ։ 

Նախագահ Ալիևի հիշատակած «հստակ և թափանցիկ» ծրագիրը ադրբեջանական իռեդենտիստական մաքսիմալիզմի ամենացցուն օրինակն է, որն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքը համարում է ոչ միայն «Արևմտյան Ադրբեջան», այլև «ադրբեջանական հնագույն հայրենիք»։ Մենք խորապես ցավում ենք պատմական այն թյուր պատկերացումների համար, որոնք այսօր տիրում են Ադրբեջանում։ Ի հավելումն նշենք, որ Արևելյան Անդրկովկասի նկատմամբ «Ադրբեջան» եզրը կիրառվել է միայն 1918 թ․՝ փոխառնվելով իրանական Ատրպատականից։ Խորհուրդ ենք տալիս Ադրբեջանին երբեմն դուրս նայել սեփական պատմական ընկալումների պատյանից և ուսումնասիրել անտիկ և միջնադարյան հայ և օտարազգի պատմիչների աշխատությունները, «հնագույն» բառի բուն իմաստն ըմբռնելու համար։  

Հայաստանի հասցեին հնչած մեղադրանքները նույնքան անհիմն են, որքան սեփական հանցանքները թաքցնելու փորձերը։ Տեղին է հարցնել Ադրբեջանի նախագահին՝ ուր են պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում դարերով բնակվող հայերը, որոնք 90-ականների բռնագաղթի ժամանակ կազմում էին կես միլիոնից ավել, ինչ ճակատագրի է արժանացել նրանց գույքը, ինչու են հետևողականորեն վերացվել Բաքվի հայկական հետքերը, որն էր Հին Ջուղայի գերեզմանատան նկատմամբ տեղի ունեցած հաշվեհարդարի նպատակը։ 

Մենք հիշեցնում ենք նախագահ Ալիևին, որ համակեցությունը ենթադրում է մարդու հիմնարար իրավունքների փոխադարձ հարգում և երաշխավորված անվտանգության ապահովում, որը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի հայատյացության վրա հիմնված պետական ներքին և արտաքին քաղաքական գծից, փաստացի ճանաչի և հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և քաղաքական ու պատմական հասունություն ցուցաբերի սեփական հանցանքների համար պատասխանատվություն կրելու»։