Վերջերս Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը նամակով դիմել էր ԵԽ գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկին՝ ներկայացնելով 1988-1992 թթ․ Ադրբեջանի կողմից պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի ավելի քան կես միլիոն հայության նկատմամբ իրականացված բռնի տեղահանությունն ու ցեղասպան վարքը, անցած երեք տասնամայկներում ու նաև այսօր Ադրբեջանի կողմից իրականացվող պետականահեն մշակութային ջարդը՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, խեղումը և յուրացումը։ Ներկայացվել են Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ցեղասպան իրողությունները, Ադրբեջանում հակահայկականության քարոզն ու ատելության խոսքի համակարգային գերակայումը, 2020-2023 թթ․ ընթացքում ռազմական գործողությունների ժամանակ պատերազմելու միջազգային նորմերի տոտալ խախտումները, քաղաքացիական բնակչության տառապանքները։ Հետևապես ներկայացվել են նաև մեր նպատակներն ու խնդիրները, որոնց հետամուտ լինելը այսօր հրամայական է։ Նամակով հույս է հայտնվել, որ միջազգային համապատասխան մարմինները ջանքեր կգործադրեն ավելի քան 30 տարի փախստականնների առկախված խնդիրների, բռնի տեղահանվածների հիմնախնդրի, մշակութային էթնոցիդի և այլ խնդիրների լուծման ուղղությամբ։
Գոհունակությամբ տեղեկացնում ենք, որ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ստացել է ԵԽ գլխավոր քարտուղարի Միգրացիայի և փախստականների հարցերով հատուկ ներկայացուցիչ Լեյլա Քայաջիկի պաշտոնական պատասխան նամակը, որում վերջինս, իր զորակցությունը հայտնելով մարդու իրավունքների պաշտպանության պայքարին, տեղեկացրել է, որ մեր նամակում արծարծված խնդիրների մասին կիսվել է Եվրոպայի խորհրդի համապատասխան կառույցների հետ, որպեսզի մեր բարձրացրած մտահոգությունները լուծվեն իրենց համապատասխան մանդատների շրջանակներում:
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը շնորհակալություն է հայտնում Լեյլա Քայաջիկին և ողջունում նրա նախաձեռնությունը, որը հույս է ներշնչում, որ քաղաքակիրթ միջոցների շրջանակներում հնարավոր կլինի հասնել մեր հետապնդած նպատակին՝ այն է ավելի քան կես միլիոն հայրենազրկված գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության ոտնահարված իրավունքների ամբողջական և անվերապահ վերականգնմանը ու այս խնդրում միջազգային ամենաբարձր մասնակցության ապահովմանը, ինչպես նաև հայկական ոչնչացված մշակութային ժառանգության խնդրի քննարկմանն ու անհրաժեշտ միջոցների նախաձեռնմանը, մասմավորապես` Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի ու տապանաքարերի վայրենակերպ ոչնչացման, Բաքվի հայկական գերեզմանատների, հայկական եկեղեցիների ավերման ու խեղման փաստագրմանն ու ուսումնասիրմանը, առհասարակ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի, այժմ նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված մշակութային ժառանգության պահպանմանը: