Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը 2024թ․ հայտարարել է «Կանաչ աշխարհի համար համերաշխության տարի»։
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վերջին շրջանում միմյանց չեն զիջում զավեշտի ու երեսպաշտության գերակայման առումով։ Օրերս Իլհամ Ալիևը գալիք 2024թ․ հայտարարել է «Կանաչ աշխարհի համար համերաշխության տարի»։ Նավթարդյունաբերության մոլուցքով տարված այնպիսի երկրում, ինչպիսին Ադրբեջանն է, դժվար է Կասպից ծովի ափամերձ տարածքների աղտոտվածությունը պատկերացնել «կանաչ տարվա» շրջանակներում։
Ինչպես մեկ անգամ արդեն մեր կողմից արձանագրվել է կլիմայի փոփոխության հարցերով գագաթնաժողովը Ադրբեջանում հյուրընկալելը աշխարհի առաջ պարզերես ու շրջակա բնության նկատմամբ հոգատար երևալու ադրբեջանական հերթական քարոզչական քայլն է։ Այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև 2024 թ․ «Կանաչ տարի» հայտարարելու Ադրբեջանի նախագահի ցանկությունը։ Սակայն նման գաղափարներ գեներացնելիս, արդյո՞ք Իլհամ Ալիևը պատրաստ է քննիչ հանձնաժողով կազմել՝ հաշվելու համար այն վնասը, որ ռազմական գործողությունների արդյունքում հասցել է Լեռնային Ղարաբաղի բնությանը արգելված զինատեսակներ, մասնավորապես՝ ֆոսֆորային զենք, օգտագործելու հետևանքով։ Արդյո՞ք Ադրբեջանի նախագահը պատրաստ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հայությանը 10-ամսյա շրջափակման ենթարկելիս կիրառվել է նաև ջրային ռեսուրսների սահմանափակման միջոցը, ինչը երաշտային դրություն է առաջացրել սովի մատնված ավելի քան 100 հազար հայության շրջանում։
Սակայն այս պատմության մեջ ամենազազրելին այն է, որ «կանաչ Ադրբեջանը» տակավին 2023թ ամռանը սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառեց, երբ պատմականորեն հայկական Գարդմանի Գետաբեկի շրջանի ներկայումս «Սյոուդլյու» անունը կրող գյուղի բնակիչներն ըմբոստացան՝ ի նշան բողոքի այն բանի դեմ, որ ոսկու հանքավայրի թունավոր թափոններով տասնամյակ շարունակ աղտոտվել է շրջակա միջավայրը, առողջական լուրջ խնդիրներ են առաջացել բնակիչների շրջանում, անպիտան է դարձել հարյուրավոր մետրեր շառավղով տարածք, աղտոտված երկու արհեստական լճերով ուղղակի սպառնալիք է ստեղծվել ամբողջ ջրացանցի համար: Ի պատասխան բնակչության արդարացի պահանջներին՝ անհամաչափ ոստիկանական բիրտ ուժ կիրառվեց վերջիններիս նկատմամբ, ընդհուպ՝ սահմանափակելով գյուղ ելումուտը:
Ինչպես տեսնում ենք՝ «գերագույն հարգանքն» էկոհամակարգի և մարդու իրավունքների նկատմամբ ձեռք ձեռքի տված են գնում Ադրբեջանում՝ չզիջելով մեկը մյուսին: Ադրբեջանում 2024թ․ «Կանաչ տարի» հայտարարելը արդյո՞ք միջոց չէ Ադրբեջանի նախագահի համար «կանաչով» ներկելու ռազմական հանցագործությունների, սեփական ժողովրդի նկատմամբ կիրառված բռնության թողած կարմիր հետքը»,- ասված է հայտարարության մեջ։