Ադրբեջանը չի դադարեցնում պայքարը քաղաքակիրթ աշխարհի դեմ։ Վերջին ամիսների ընթացքում միջազգային հանրության բոլոր դերակատարների բողոքներին, կոչերին և ճնշումներին Ադրբեջանի կողմից մարդկության դեմ իրականացված ցեղասպան հանցանքների՝ Լեռնային Ղարաբաղի 10-ամսյա շրջափակման, սեպտեմբերի 19-20-ի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման, քաղաքացիական անձանց և երեխաների սպանության, էթնիկ զտման, մշակութային ցեղասպանության կապակցությամբ Ադրբեջանի ցավագին արձագանքն ի ցույց է դնում վերջինիս խոցելիությունը և պատկերացրած հեղինակության փխրունությունը։
Ադրբեջանի տարածքում ֆրանսիական գործակալական ցանցի հուսահատ փնտրտուքները, Բաքվում հավատարմագրված ֆրանսիացի դիվանագետներին persona non grata հայտարարելը, ԱՄՆ միջնորդական ջանքերն ամեն գնով վարկաբեկել, տապալել փորձելը հստակ ցուցիչն են վերը ասվածի: Ադրբեջանին իրապես թվում է՝ քննադատներին փոխադարձաբար քննադատելով ու վերջիններիս վրա ցեխ շպրտելով կարող է իրենից մաքրել կատարած հանցանքների մեղքերը, որոնք արդարացի քննության պարագայում արժանանալու են խստագույն պատժի։
Ֆրանսիացի ժողովուրդը և Ֆրանսիայի պետական ու հասարակական գործիչները մշտապես հանդես են եկել հումանիստական պահանջներով՝ պաշտպանելով հայության ոտնահարված իրավունքների ապահովման պահանջները, իրողությունները կոչելով իրենց անուններով, այլ ոչ թե բառային ձեռնածություններով շղարշելով փաստերն ու նենգափոխելով իրողությունները։
Ադրբեջանական պետական համակարգը ամեն անգամ ուժգնապես ցնցվում է, երբ լսում է իր հասցեին «էթնիկ զտում», «ցեղասպանության», «մարդու իրավունքների ոտնահարում», «ագրեսիա» և նման այլ որակումներ։ Ադրբեջանական հիստերիան ի զորու է պատասխանելու դրանցից յուրաքանչյուրին անհատապես, տարբեր խողովակներով՝ հասարակական խոսույթից մինչև դիվանագետներին լրտեսության մեջ մեղադրանք և “persona-non-grata” հայտարարել։
Եվ նման վարքագծով երկիրն ու հասարակությունը դեռ առաջարկում է իր ինտեգրացիոն ծրագրերը մի ժողովրդի, որն արդեն չափազանց շատ է տուժել ադրբեջանական ազգայնական «ինտեգրացիայից»։ Ինչպես կարող է հայությունն իրեն ապահով զգալ մի երկրում, որտեղ ապահով չեն անգամ անձեռնամխելիության իրավունքից օգտվող դիվանագետները։
Ֆրանսիացի դիվանագետների նկատմամբ արված քայլը ամենաառարկայական հաղորդագրությունն է միջազգային հանրությանն առ այն, որ Ադրբեջանը կանգ չի առնի իր ագրեսիվ հռետորաբանության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ իրապես պատասխանատվության չի ենթարկվել մարդկության և քաղաքակրթության դեմ գործած հանցանքների համար։