Աշխարհասփյու՜ռ գարդմանցիներ, շիրվանցիներ, նախիջևանցիներ,
Մի քանի օր առաջ Երևանում Հայաստանի պատմության թանգարանում բացվեց մեր կորուսյալ հայրենիքից` Գարդմանից, Շիրվանից, Նախիջևանից, պահպանված մասունքների ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են մ.թ. ա. 13-11-րդ դարերի մասունքներ, կավե ամաններ, ինչպես նաև գորգեր, միջնադարյան սկուտեղներ, կանացի տարազներ, խաչքարեր, Ագուլիս և Նախիջևան քաղաքների լուսանկարներ: Այս փոքրիկ ցուցադրությունը մեզ բոլորիս մտովի տեղափոխեց մեր հարազատների կողմից վերապատմված նախնիների ավանդույթները, մեր հայրենիքի գողտրիկ անկյունները, մեր մանկությունը, մեր այգիներն ու փողոցները, մեր տների լայն պատշգամբները, մեր գյուղերն ու եկեղեցիները, տատիկների ու պապիկների գերեզմանները, և մեր ականջներում նորից հնչեց գետերի հանդարտ աղմուկը, եկեղեցական զանգերի ղողանջն ու դպրոց կանչող զանգը, իսկ քաղաքների լուսանկարները հիշեցրին Կիլիկիայում "շքեղ Ադանայի" կործանմանմասին երգը և "Մայր Հայաստանը սգում է հայկական քաղաքների կործանումը" գորգը։
Այսօր այս ցուցասրահը բազմահազարամյա ազգի իրավունքների ավելի քան համեստ վկայությունն է, որի տարածքները ներկայումս գրավված են: Այսօր, մինչ մենք հույսը դրել էինք մեր անվիճելի իրավունքների վրա, մենք ունեցանք նոր կորուստ, և կրկին տեղի է ունեցել հայ բնակչության ցեղասպան հայրենազրկում, այս անգամ՝ Արցախի Հանրապետության բնակչության:
Հայրենակիցնե՛ր, որտեղ էլ որ լինեք ներկայումս, որքան էլ ցրված լինեք, պահպանե՛ք և փոխանցե՛ք սերունդներին ձեր նախնիների ձեռքբերումներին մասնակցության զգացումը, Հայրենիք վերադառնալու և նրան ծառայելու ցանկությունը, որովհետև միայն Հայրենիքում ենք մենք նորից գիտակցում Աստծո և բնության կողմից տրված մեր գոյատևման արմատները, որոնք ներդրված են մեր մեջ հայության` որպես ազգ, ձևավորումից ի վեր:
Շնորհավորում ենք աշխարհասփյուռ Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի զավակների գալիք Ամանորը և Սուրբ Ծննդյան տոները, թող գալիք տարիները դառնան մեր վերամիավորման և ուժերի համախմբման, մեր կայացման ակունքներին վերադարձի, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետության և նրա շուրջը բարի կամքի բոլոր մարդկանց ամրապնդման տարիներ, մեր հավաքական կամքի բյուրեղացման տարիներ: Սա ինչպես արդիականության պահանջն է, այնպես էլ մեր նախնիների մեծագույն պատգամը և մեր հոգու ցանկությունը։
Նկարում` ագուլեցիների ընտանիք։