Բաքվի բազմաթիվ շինությունների հեղինակ հայ ճարտարապետ Նիկողայոս Բաևի ծննդյան 148-ամյակի առթիվ համահայկական միությունն անդրադարձել է նրա գործունեությանը և վերահաստատել իր հանձնառությունը ներկայիս Ադրբեջանի տարածքում հայկական նյութական և հոգևոր ժառանգության

2023-10-06

Այսօր լրանում է մեծանուն հայ ճարտարապետ Նիկողայոս Բաևի ծննդյան 148 ամյակը։ Ճարտարապետական մեծ տաղանդով օժտված Ն․ Բաևը այն բազմաթիվ հայերից է, որ իր մասնագիտական բարձր հմտություններն ու յուրատեսակ ոճը ներդրել է նաև Բաքվի ճարտարապետական հորինվածքի ստեղծման գործում։ Կրելով Սանկտ-Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության ինստիտուտի դասական ավանդները՝ Ն․ Բաևը 1911-1918 թթ․ զբաղեցրել է Բաքվի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։

Նրա նախագծով են կառուցվել Մաիլովների թատրոնի հանրահայտ շենքը (այժմ` Բաքվի օպերայի և բալետի թատրոն), հիվանդանոցային ավանը (19 լազարեթ` 24 մասնաշենքով) մի շարք դպրոցներ, գիմնազիա, բնակելի տներ, երկաթուղու Սաբունչի կայարանը, Սեմաշկոյի անվան վիրաբուժական հիվանդանոցը։ Ն․ Բաևը շարունակել է նաև Հ․ Քաջազնունու նախագծած Սբ․ Թադևոս-Բարդուղիմեոս մայր տաճարի կառուցումը։ Ն․ Բաևը մասնակցել է նաև Էրմանիքյանդ/Արմենիքենդ՝ հայկական գյուղի (Շահումյանի ավան) կառուցմանը։

1918 թ․ ճակատագրական էր ինչպես Ն․ Բաևի, այնպես էլ ողջ Բաքվի հայության համար։ 1918 թ․ սեպտեմբերի 15-17-ը Բաքվի հայությունը, որը թվաքանակով երկրորդն էր՝ զիջելով միայն ռուս բնակչությանը, եթարկվեց անօրինակ կոտորածի։ Կատարյալ հայատյացության և ամենաթող վայրագությունների ֆոնին՝ նորաստեղծ Ադրբեջանի ցեղասպան կառավարությունը սկսեց պետության ազգայնացման անհաջող գործընթաց, որի արդյունք կարելի է համարել նաև Ն․ Բաևի հեռանալը քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից։ Սակայն Ադրբեջանի խորհրդայնացումից հետո Ն․ Բաևին վիճակվեց դարձյալ զբաղեցնել ճարտարապետական բարձր պաշտոններ։

Ն․ Բաևը միակ հայ ճարտարապետը չէր, որ մեծ ավանդ ունի այդ քաղաքի ճարտարապետական դիմագծի կայացման գործում։ Գ. Տեր-Միքելյանը, Վ. Սարգիսովը, Հ. Քաջազնունին և այլ հայտնի ճարտարապետներ ևս ստեղծագործել են և հարստացրել Բաքվի դասական ճարտարապետական դիմագիծը։ Գիտեի՞ն արդյոք այս գործիչները, որ իրենց իսկ կառուցած շենքերի մոտակայքում քանիցս տեղի կունենան հայկական կոտորածներ, ջարդեր, թալան և ավերածություններ, գիտեի՞ն արդյոք, որ ոչ միայն իրենց կառուցած շինություններն են նենգափոխվելու և յուրացվելու, այլև զուտ հայկական մշակութային ժառանգությունն է ցեղասպանվելու ամբողջ աշխարհի աչքի առաջ ամենացինիկ կերպով։ Ենթադրելի է՝ ոչ։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, միավորելով իր շուրջ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքից բռնագաղթված հայ փախստականների, և միավորվելով վերջիններիս ոտնահարված իրավունքների վերականգնման, հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գաղափարի շուրջ, հանձն է առնում ներկայիս Ադրբեջանի տարածքում և վերջին ժամանակներում դրա տիրապետության տակ անցած տարածքներում հայկական նյութական և հոգևոր ժառանգության խնդիրների լուսաբանման և վերհանման պարտավորությունն ու ողջախոհության կոչ անում ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ ադրբեջանական իշխանություններին։

Ստորև Ն․ Բաևի նախագծմամբ կառուցված շինություններն են։