Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ

2024-01-06

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է քրիստոնեական աշխարհի ամենակարևոր տոներից մեկը՝ Սուրբ ծնունդը։ Քրիստոնեական աշխարհի ընկալումը ավելի քան հազար յոթը հարյուր տարի ուղեկցում է հայ ժողովրդին ոչ միայն իր բուն հայրենիքում, այլև իր կեցության բոլոր վայրերում՝ արտահայտվելով մշակութային այն հսկայական ժառանգությամբ, որի ստեղծումը խիստ բնորոշ է հայությանը։

Ավելի քան երեք տասնամյակ է, ինչ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի հայությունը զրկված է Սուրբ Ծնունդը իր ծննդավայրում նշելու իրավունքից։ Ցավալիորեն սա առաջին անգամն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը ևս զրկված է իր հայրենիքում Սուրբ ծննդյան պատարագ լսելու և հանգուցյալների շիրիմներին այցլելու իրավունքից։

Անցած տասնամյակներին իրականացված համակարգային հանցանքների վերաբերյալ անհարկի  լռությունն ու անպատշաճ արձագանքն այսօր աշխարհին կանգնեցրել է է՛լ ավելի վատթար իրողությունների առաջ։ Մինչդեռ քրիստոնեական աշխարհընկալմանը հարիր գործելակերպը պետք է, որ բացառեր բռնության այսչափ ու այսկերպ կիրառումն աշխարհում։

Մենք բազմիցս արձանագրել ենք այն անժխտելի փաստը, որ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը պետականորեն ենթարկվել և ենթարկվում է վանդալիզմի՝ ի դեմս Հին Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի ու տապանաքարերի բարբարոս ոչնչացման, Բաքվի գերեզմանատների հայկական ներկայության պղծման, բազմաթիվ հայկական եկեղեցիների ավերման, խեղման ու յուրացման։

Սուրբ Ծննդյան տոնը ևս մեկ առիթ է աշխարհին հիշեցնելու համար, որ աստվածահաճո գործ է արդարության վերականագնման համար ու սրբապղծության դեմ մղվող պայքարը, որի կարիքն այսօր առավել քան զգում է ինչպես տասնամյակներ առաջ բռնի տեղահանված գարդմանահայությունը, շիրվանահայությունը, նախիջևանահայությունը, այնպես էլ ամիսներ առաջ էթնիկ զտման դժողխային իրողությունը վերապարած Լեռնային Ղարաբաղի հայությունը։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը Սուրբ Ծննդյան երջանիկ տոնի կապակցությամբ և հույս հայտնում, որ համատեղ ջանքերով մոտ ապագայում հնարավոր կլինի ապահովել իրենց ոտնահարված իրավունքների շուտափույթ և ամբողջական վերականգնումը։ Սակայն այս ճանապարհին մենք մեծապես կարևորում ենք միջազգային հանրության անվերապահ աջակցությունը։