Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է 1990 թ․ հունվարի 13-19 Բաքվի հայության կոտորածին

2024-01-19

34 տարի առաջ այս օրերին Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության հերթական ջարդը։ Հերթական անգամ Բաքու քաղաքի սոցիալ-տնտեսական և մշակութային-քաղաքական կյանքին օրգանապես կապված և բազմաթիվ առումներով քաղաքի զարգացման ակնունքներում կանգնած հայությունը ենթարկվեց աննախադեպ բռնությունների, թալանի ու կոտորածի։

1988 թ․ սկսված Լեռնային Ղարաբաղի հայության ինքնորոշման իրավունքի վրա հիմնված շարժումը լռեցնելու համար ադրբեջանական իշխանությունները դիմել են բազմաթիվ ստոր քայլերի, որոնցից ամենաառանցքայինը հակահայկականության աննախադեպ բորբոքումն էր, որի հետևանքը տրամաբանորեն պետք է լիներ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայաթափումը։

1990 թ․ հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը հայտարարել է․ «...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։ Նման հայտարարություններով ուղեկցվող հանրահավաքը վերածվեց հայերի հետ հաշվեհարդար տեսնելու որոշումների կենտրոնի, որտեղից հանրահավաքի մասնակիցները խմբավորված սկսեցին ներխուժել հայերի բնակարաններ, հայերին ենթարկել ծեծի և բռնարարքների։ Հակահայկականությամբ ներարկված ամբոխներն անգամ ողջակիզումներ էին կազմակերպում՝ անհնարին դարձնելով հայության փրկությունը՝ խոչընդոտելով նրանց ելքը քաղաքից։

Հայերի ջարդերը շարունակվեցին 6 օր՝ առանց խորհրդային իշխանության էական միջամտության։ Միայն հունվարի 19-ին Բաքվում հայտարարվեց արտակարգ դրություն։ Վեցօրյա ջարդերի արդյունքում Բաքուն ամբողջությամբ հայաթափվեց։ Հայերը հարյուր հազարներով մազապուրծ հեռացան քաղաքից՝ հնարավորություն չունենալով ըստ արժանվույն տնօրինելու իրենց գույքը։ Բաքվի ջարդերին զոհ գնաց ավելի քան 300 հայ։ Ադրբեջանական իշխանությունները տեղի ունեցածը վերագրեցին «խուլիգանական տարրերին»՝ խուսափելու պատասխանատվությունից։ Նման գործելակերպն ամենևին խորթ չէ ադրբեջանական իշանություններին։

Էթնոֆոբիայի հավատամքով ավելի քան երեք տասնամյակ վերարտադրվող բռնապետությունը ընդամենը ամիսներ առաջ կրկնեց էթնիկ զտման պրակտիկան Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ՝ 10-ամսյա հումանիտար ճգնաժամից հետո ռազմական գործողություններով և մահվան սպառնալիքով ստիպելով ավելի քան 100 հազար հայերի լքել իրենց բնակավայրերը։ Արդյո՞ք Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակում, 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ի պատերազմը, հաջորդած բռնի տեղահանումը, տեղահանվածների իրավունքների վերականգնման հարցում կատարյալ ժխտողականությունը դարձյալ «խուլիգանական տարրերի» կամայականության արդյունքն է։ 34 տարի անց ադրբեջանական սյուռազգայնական միահեծան իշխանությունը դարձյալ արտաքին երեսպաշտական ձեռնածությունների, նավթադոլլարների ու ռազմական հաջողությունների ու դրանց սպառնալիքի միջոցով կրկին փորձում է թաքցնել ցեղասպանի ու բռնարարի բովանդակությունը։

Գարդման- Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը իր հարգանքի տուրքն է մատուցում 1990 թ․ հունվարի 13-19 Բաքվի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և իր զորակցությունն է հայտնում բռնի տեղահանված Շիրվանահայության՝ լիահույս լինելով, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել վերջիններիս ոտնահարված իրավունքների ամբողջական և երաշխավորված վերականգնմանը։