Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին

2024-01-22

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է  Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բռնազավթման տնտեսական մոնոպոլիաներին։

«Ադրբեջանական իշխող բռնապետական նեղ շրջանակների քաղաքական երեսպաշտությունը շարունակաբար դրսևորվում է ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտում կատարված հանցանքների համար արդարացումներ փնտրելիս, այլև ներքին քաղաքականության մեջ՝ սեփական հասարակությանը քարոզվող հռետորաբանության և կողոպտված իրականության միջև։

Բոլորովին վերջերս հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսում էր այն մասին, որ վերջին տասնամյակներին իրենց ազգային գաղափարախոսությունը եղել է «տարածքների ազատագրումը» և իրենք հասել են այդ նպատակին։ Նոր ազգային գաղափարախոսության ձևավորման մասին մտածող Իլհամ Ալիևը, սակայն, երեսպաշտորեն հաշվետվություն չի տալիս իր փայփայած, պատերազմական հանցանքներով ձեռք բերված հաղթանակի շուրջ միավորված հասարակության շարքային անդամներին այն մասին, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ընկերությունները պատկանում են «Pasha Holding»-ին, որի բաժնետերերն են Իլհամ Ալիևի դուստրերը՝ և Արիֆ Փաշաևը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրը։ Արդյո՞ք այսօրինակ և մնացած այլ գաղտնի պահվող եղելությունների պատճառով չէ շարքային ադրբեջանցու մուտքը Լեռնային Ղարաբաղ խիստ սահմանափակված: 

Խնդիրն ունի մեկ այլ բաղադրիչ ևս․ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում բնակվող հայությունը տեղահանվել է և չի վերադարձել իր նախնական բնակության վայր, ինչպես սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 7-րդ կետով և Ադրբեջանի անդամակցած բազմաթիվ այլ դաշնագրերով։ 2023 թ․ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի հետևանքով էթնիկ զտման և բռնի տեղահանման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը, որն ունի Լեռնային Ղարաբաղի իր նախնական բնակության վայրում գույքային, այդ թվում՝ հողային անօտարելի իրավունք։ Ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնիկ հայ բնակչությանը բռնի տեղահանելով, վերջիններիս ապահով և արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ երաշխիքներ չապահովելով՝ Ադրբեջանը ոչ միայն անուղղակի կերպով ժխտում է ավելի քան 100 հազար հայության և 2020 թ․ տեղահանվածների վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը, այլև փաստացի պետականորեն հափշտակում է վերջիններիս գույքը՝ հանձնելով ադրբեջանական այն կազմակերպություններին, որոնք արդեն իսկ մոնոպոլիզացրել են Ադրբեջանի տնտեսական ոլորտը։ 

Պետությունը, որն արդեն իսկ յուրացրել է 1988-1992 թթ․ բռնագաղթի ենթարկված ավելի քան կես միլիոն հայության գույքը, այժմ բացեիբաց յուրացնում է ամբողջ Լեռնային Ղարաբաղը՝ «վերադարձված կորուսյալ հայրենիքից» այն վերածելով փաստացի գողոնի ալիևա-փաշաևական բարեկամական գրպանում»։